Իրաքյան բանակի եւ քրդերի միջեւ կատաղի մարտեր են սկսվել

Իրաքյան բանակը հայտարարել է Քիրքուկ նահանգում վերջին քրդական շրջանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին, տեղեկացնում է Deutsche Welle-ն: Քրդական փեշմերգայի ստորաբաժանումներն Իրաքի հյուսիսում կատաղի մարտեր են մղում բանակային ուժերի դեմ:
Բաղդադի դաշնակիցները՝ շիական ջոկատները հայտարարել են, որ գրավել են Ալթին-Քյոփրյուն՝ Քիրքուկի վերջին շրջանը, որը գտնվում էր քրդերի վերահսկողության տակ:
Ալթին-Քյոփրյուն գտնվում է Իրաքյան Քուրդիստանի ադմինիստրատիվ կենտրոնից՝ Էրբիլ քաղաքից ընդամենը 50 կմ հեռավորության վրա:
Քրդերը հայտնում են, որ այսօր առավոտյան իրաքյան բանակը եւ դաշնակիցների ստորաբաժանումները գրոհել են փեշմերգայի ջոկատների դիրքերի վրա: Քրդերը հետ են մղել հարձակումը՝ կիրառելով Milan հակատանկային նռնականետեր: Այդ զինատեսակը, որը նախատեսված է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար, քրդերին է հատկացրել Գերմանիան:
Իրաքյան բանակը երկրի հյուսիսում ռազմական գործողություններ ձեռնարկեց՝ ի պատասխան Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի, որն անցկացվեց սեպտեմբերի 25-ին: Կառավարական ուժերն ու նրանց դաշնակիցները ցանկանում են քրդերին դուրս մղել Քիրքուկի նահանգից, որը քրդական ինքնավարության մաս չի հանդիսանում, բայց մասնակցություն է ունեցել հանրաքվեին:
Աղբյուր՝ Deutsche Welle
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան