ՆորություններՎճարովի

Սերժ Սարգսյանի հերթական հետքայլը

Ժնևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե «Ալիևը խորապես շահագրգռված է, որ սահմանում զոհեր չլինեն», իրականում ի՞նչ տրամաբանություն ունի: Արդյոք այս կերպ Ս. Սարգսյանը փորձեր է անում գաղտնազերծել Սարգսյան — Ալիև առանձնազրույցի կարևոր մանրամասները, թե իրականում այս կերպ նա փորձում է չեզոքացնել իր հերթական հետքայլը բանակցություններում: Խոսքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին է, որոնք ընդունվեցին ու մատուցվեցին հանրությանը որպես ձեռքբերում և այդպես էլ կյանքի չկոչվեցին:

Ս. Սարգսյանը հանրայնացնում է Ալիևի սուտը, որ ի՞նչ անի

«Ադրբեջանի նախագահը խորապես շահագրգռված է, որ առաջնագծում չունենանք զոհեր»: Այս մասին երկկողմ հանդիպումից հետո հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Ի պատասխան՝ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է»: Նա նաև ասաց, որ Սերժ Սարգսյանը ժնևյան հանդիպմանը հաջորդած ելույթով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները:

Իրականում փորձենք հասկանալ, թե ինչու Ս. Սարգսյանը որոշեց գաղտնազերծել հանդիպման մանրամասնությունները: Արդյոք այդ մասին վաղօրոք պայմանավորվածություն կար, թե՞ Սարգսյանն իրապես փորձեց խախտել պայմանավորվածությունը:

/LimiteText/

Հասկանալի է, որ Ալիևի շահագրգռվածության և զոհերի մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, որովհետև պրակտիկորեն մենք նման հայտարարություններ մշտապես լսել ենք Ադրբեջանից և ականատես ենք եղել տրամագծորեն հակառակ գործելաոճին: Սարգսյան — Ալիև հանդիպման նախօրեին ևս մեկ զոհի մասին ազդարարվեց:

Հիմա հասկանալի է, որ եթե անգամ Ալիևը նման հայտարարություն է արել, ուրեմն դա դիվանագիտական հայտարարությունների թվին է պատկանում, իսկ ավելի կոնկրետ՝ նա պաշտոնական սուտ է ասել: Դժվար է հավատալ նաև, որ այդ պաշտոնական ստին հավատացել է Սերժ Սարգսյանը, բայց, այնուամենայնիվ, նա փորձել է դա հանրայնացնել: Թե ինչու, դժվար է ասել:

Հերթական հետքայլը

Նախագահների հանդիպումից օրեր առաջ Ի. Ալիևը հայտարարել էր, որ գնում է հանդիպման Ս. Սարգսյանի հետ՝ առանց հայկական կողմի նախապայմանների: Խոսքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին է:

Պաշտոնական Երևանն անմիջապես հերքեց Ալիևին, որից հետո Ադրբեջանը գործնականորեն փորձեց ցույց տալ, որ գնում է հանդիպման առանց նախապայմաններով կաշկանդվածության: Չնայած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը հանդիպումից մեկ օր առաջ դարձյալ խախտեց պայմանավորվածությունները, և հայկական կողմն ունեցավ մեկ զոհ:

Այս պայմաններում Ս. Սարգսյանը մեկնեց Ժնև. հանդիպում, հետո առանձնազրույց. բացօթյա աշնանային բնանկարի ֆոնին ժպտացող նախագահների «խնդրի լուծումն» այնքան էլ հույս չի ներշնչում, բայց, այնուամենայնիվ, հանրությունը սպասում է արդյունքների մասին հրապարակումներին:

Մինչ պաշտոնական հայտարարությունը մի շարք իշխանամետ լրատվամիջոցներ նախ տարածում են, որ «ժպտացող» նախագահները վերահաստատել են Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները: Սա հերթական անգամ տարածում ու ընդունում են որպես հայաստանյան իշխանությունների «մեծագույն նվաճում»:

Որից հետո պաշտոնական հայտարարությունն արձանագրում է հանդիպման ու առանձնազրույցի փաստերը, սակայն առանց որևէ նախկին պայմանավորվածությունների արձանագրումի:

Դժվար է կարծել, որ ԵԱՀՄ ՄԽ մամլո հայտարարությունը տարածողները մոռացել են նախագահների՝ Վիեննայի պայմանավորվածությունների մասին: Ավելի հստակ կարելի է եզրակացնել, որ Ալիևի հայտարարությունը մինչև հանդիպումն ավելի քան անկեղծ էր:

Ս. Սարգսյանը փորձում է բալանսավորել

Վիեննայի պայմանավորվածություններն օրակարգից դուրս համարվեցին դեռ ԵԱՀԿ ՄԽ-ի՝ տարածաշրջան վերջին այցելության ժամանակ: Տարածած հայտարարությունում ոչ մի խոսք չկար 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Սակայն հայկական կողմը դա բացատրեց այլ կերպ. ՄԽ-ն փորձում է դիվանագիտորեն պահանջել պարտավորությունների կատարում:

Պատերազմից հետո և հաջորդող մեկ տարվա ընթացքում Ս. Սարգսյանն ու ՀՀԿ վերնախավը միակ դրական արդյունքը համարել են պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում:

Չնայած հայկական կողմի մեծաթիվ զոհերին ու տարածքային կորուստներին՝ ՀՀԿ վերնախավը հայտարարում էր, որ Վիեննայում հայկական կողմը հաղթել է: Տևական ժամանակ նաև հայտարարում էին, որ երկկողմ հանդիպումները չեն կայանում, քանի որ հայկական կողմն է բոյկոտում՝ պահանջելով Ադրբեջանից հարգել պայմանավորվածությունները:

Վերջին իրադարձությունները հիմք են տալիս կարծելու, որ Ադրբեջանին հաջողվեց օրակարգից հանել նախկին պայմանավորվածությունները: Իսկ Սերժ Սարգսյանն ընդունել է հետագա հանդիպումների նոր օրագիրը՝ հավատալով Ի. Ալիևի հավաստիացումներին, որ ինքը շահագրգռված չէ, որ սահմանում զոհեր լինեն:

Քրիստինա Մկրտչյան

Back to top button