Րաֆֆի Հովհաննիսյանը «նոկաուտ է» արել Սերժ Սարգսյանին

«Հեղափոխությունը նախ և առաջ մարդկանց մտքերում է, և դա տևական պրոցես է լինելու, մենք ասել ենք դրա մասին՝ մեկ օրվա միջոցառում չէ, և դա սկսել է իրականանալ փետրվարի 18-ից սկսած, երբ որ ժողովուրդը իր քվեն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին և հաղթեց այս ընտրություններում: Ի դեպ շատ կարևոր է, որ ուժեղ թեկնածու ընտրեց ինքը, ինչ իմաստով, որովհետև իշխանությունը երբեմն իրենք իրենց հույս են տալիս, որ եթե իրենք կարողացել են այս բռնաճնշմամբ բռնազավթել իշխանությունը, իսկ բռնաճնշումներ եղել են հիմնականում ընտրատեղամասերում, դա իրենց ուժի ցուցանիշն է»,-ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Ժառանգություն կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում «Բարևի» հեղափոխությունը: Կուսակցության մամլո խոսնակն ապա ավելացրել է. «Դա նման է նրան, երբ որ երկու բռնցքամարտիկ մրցում են, և մեկը մյուսին նոկաուտ է անում, և այս նոկաուտ եղածը ուղղակի կաշառում է դատավորներին և հաղթող է ճանաչվում: Հետո կաշառում է օպերատորներին, որ աշխարհին ցույց տան, թե իբր ինքն է հաղթել, և այդպես դուրս է գալիս միջազգային ասպարեզ»:
Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ Ժառանգություն կուսակցությունը մշտապես մասնակցել է հայաստանյան ընտրական գործընթացներին, և հետևաբար բնական է, որ հիմա կուսակցությունը մի փոքր պասիվ վիճակ է որդեգրել: Նման տեսակետ է հայտնել Ժառանգության մամլո խոսնակը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու ապրիլյան զարգացումներից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանափակվեց մի քանի հանդիպումներով և ելույթներով, և թե հիմա ինչով է նա զբաղված: «Ժառանգությունը և նրա թիմը մի տարվա մեջ երեք ընտրություն անցկացրեցին: Դա միակ քաղաքական ուժն էր, որ այս մի տարվա մեջ սեփական ռեսուրսներով, օրինական ճանապարհով մասնակցեց երեք համապետական ընտրությունների, որովհետև, ըստ էության, Երևանի ավագանու ընտրությունները մենք կարող ենք ինչ-որ չափով համարել համապետական: Մյուս նման ուժը մեկ էլ Հանրապետականն է, որը ամբողջ պետական ռեսուրսները՝ ադմինիստրատիվ, վարչական, ֆինանսական, օգտագործելով՝ մասնակցեց այդ ընտրություններին, և մեր ռեսուրսների «մաշվածությունը» անհամեմատ է, որովհետև մենք այդ ֆինանսները չունենք»,- ասել է Հովսեփ Խուրշուդյանը: Վերջինիս խոսքերով՝ այս ընթացքում կուսակցությունը «վերազինում է» իր տարածքային ստորաբաժանումները և ակտիվորեն մշակում Նոր Հայաստանի շարժմանն ուղղված իրենց հետագա գործողությունները:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Ժառանգություն կուսակցությունը դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ այդ հարցը դեռևս քննարկման փուլում է: «Ամեն դեպքում կարծում եմ՝ արդեն անհույս է հանրապետական այդ անձնավորության դաստիարակության մասին նույնիսկ խոսելը, անհույս է, արդեն ուշ է, իրեն փոխել այլևս հնարավոր չէ, և ես կարծում եմ, որ ինքն է իրեն ավելի շատ վարկաբեկում»,- ասել է Ժառանգություն կուսակցության մամլո խոսնակը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին:
Փայլակ Ֆահրադյան