Բաղդադին չհաջողվեց խաղաղ ճանապարհով վերադարձնել Քիրքուկը
Իրաքյան զորքերը ծանր մարտեր են մղում քուրդ զինյալների դեմ Քիրքուկ քաղաքի եւ համանուն շրջանի վրա վերահսկողություն սահմանելու նպատակով, հաղորդում է kommersant.ru-ն:
Քրդերը հայտարարել են, որ տարածաշրջանի անկախության հանրաքվեից հետո այդ քաղաքը պետք է պատկանի Իրաքյան Քուրդիստանին՝ Էրբիլ մայրաքաղաքով: Սակայն պաշտոնական Բաղդադը չի պատրաստվում զիջել՝ առաջին հերթին նավթի, գազի մեծ պաշարների եւ բազմաէթնիկ բնակչության պատճառով: Այդ տարածաշրջանում բնակվում են քրդեր, արաբներ եւ թուրքմեններ:
Իրաքյան Քուրդիստանի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ քրդական փեշմերգա ջոկատները ոչնչացրել են իրաքյան զինուժի մի քանի բանակային ամենագնացներ: Իրաքի կառավարական ուժերն իրենց հերթին հայտնում են իրենց արձանագրած հաջողությունների մասին: Հաղորդվում է, որ վերահսկողություն է սահմանվել գազի հանքավայրի, էլեկտրակայանի եւ Քիրքուկի ռազմական օդանավակայանի նկատմամբ: Քրդական զորամիավորումների հրամանատար, գեներալ Բախզադ Ահմեդը հայտնել է, որ հակառակորդը ռազմական հանցագործություններ է կատարել՝ Թուզ-Խուրմատու եւ Դաքուք ավաններում հրդեհելով տներ, սպանելով բազմաթիվ մարդկանց:
Թուրքական Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին դեռեւս սեպտեմբերին հայտարարել էր, որ իր 5 հզր համախոհներ պատրաստ են մեկնել Քիրքուկ, որպեսզի պաշտպանեն այնտեղ բնակվող թուրքմեններին:
«Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիան կոչ է արել կողմերին՝ չսրել իրավիճակը: ՌԴ իշխանությունները եւս կոչ են արել Իրաքին եւ Իրաքյան Քուրդիստանին՝ հասնել վիճելի խնդիրների խաղաղ կարգավորման:
Իրաքյան քրդերի ձգտումներն իրենց մեջ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող տարածաշրջանի ապակայունացման վտանգ են պարունակում՝ Իրաքի մասնատում, անջատողականության զարթոնք Թուրքիայում, Սիրիայում եւ Իրանում, նաեւ «Իսլամական պետության» հետ առճակատման վճռական փուլում պայքարի թուլացում:
Աղբյուր՝ kommersant.ru
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան