Ո՞ր ապրանքներն ու ծառայություններն են թանկացել Հայաստանում՝ համաձայն պաշտոնական տվյալների
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է սպառողական գների ինդեքսը հունվար-սեպտեմբեր ամիսներին:
Սպառողական շուկայում գնաճն ընդհանուր առմամբ մեծ չէ, մինչդեռ առանձին ապրանքատեսակների խմբերում բավականին էական գնաճ կա:
Սպառողական գների ինդեքսը 100,6% է: Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը, համաձայն հրապարակված տվյալների (հունվար-սեպտեմբեր), թանկացել է 3,8%-ով (տարվա սկզբից հաշվարկված ժամանակահատվածը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ), ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակները՝ 2,9%-ով:
Ոլորտային խմբերում արձանագրված տվյալները ևս վկայում են՝ կյանքը Հայաստանում թանկացել է.
Նախորդ տարվա համեմատ առողջապահության ոլորտում արձանագրվել է 2% գնաճ, տրանսպորտի ոլորտում՝ 1,3%, հանգիստ և մշակույթ՝ 3%, կրթությունը թանկացել է 2,1%-ով, ռեստորաններ և հյուրանոցներ՝ 1%:
Ըստ խոշորացված ապրանքախմբերի (ծառայությունների) պատկերը հետևյալն է.
Սպառման ապրանքները թանկացել են 1,7%-ով, սննդամթերքը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրատեսակները՝ 3,8%-ով:
Ոչ պարենային ապրանքների և ծառայությունների շուկայում գնանկում է արձանագրել ԱՎԾ-ն՝ համապատասխանաբար 2,6% և 1,4%:
Թվարկենք առաջին անհրաժեշտության այն ապրանքները, որոնք թանկացել են.
Հաց — 0,4%
Միս — 6,5% (տավարի, հորթի միս՝ 6,6%, խոզի միս՝ 37%, գառան, ոչխարի միս՝ 18,4%, թռչնամիս՝ 1,7%)
Ձուկ և ծովամթերք — 23,1%
Թարմ ձուկ — 27%
/LimiteText/
Կաթ՝ պահածոյացված — 2,6%
Պանիր և կաթնաշոռ — 0,7%
Յուղեր և ճարպեր — 5,6%
Կարագ — 18.7%
Ձիթապտղի յուղ — 2,7%
Կարտոֆիլ — 1,5%
Մանկական սնունդ — 1,6%
Ոչ ալկոհոլային խմիչքներ — 2%
Սուրճ, թեյ, կակաո — 2,2% (սուրճ — 2,5%, թեյ — 1%)
Գինի — 1,2%
Էթիլային սպիրտ — 1,3%
Ծխախոտային արտադրատեսակներ — 4,9%
Դիզվառելիք — 13,9%
Բենզին — 11,1%
Հագուստի, կոշկեղենի շուկայում 9 ամսվա տվյալներով արձանագրվել է գնանկում՝ 4,8%, սակայն սեպտեմբեր ամսին օգոստոսի հետ համեմատ 5,6%-ով գնաճ է արձանագրվել: Կանանց կոշիկների գները նվազել են, տղամարդկանցը աճել՝ 6,3 տոկոսով: Աճել են մանկական կոշիկների գները՝ 0,8%-ով, կոշիկի նորոգման գները՝ 6,5%-ով:
Առողջապահության ոլորտում դեղագործական ապրանքների գներն աճել են մոտ 2%-ով, ամբուլատոր ծառայությունների արժեքը՝ 3,1%-ով, մասնագիտական բժշկական խորհրդատվական ծառայությունները՝ 3,2%-ով, ստոմատոլոգիական ծառայությունները՝ 0,6%-ով, բժշկական հետազոտական լաբորատորիաների, ռենտգեն կաբինետների ծառայությունների արժեքը՝ 4,8%-ով, հիվանդանոցային ծառայությունները՝ 2,4%-ով:
Արմենուհի Վարդանյան