ՆորություններՎճարովիՏնտեսական

Մեկ ամսվա մեջ բենզինը 20 դրամով թանկացել է. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է պատճառները

Բենզինի շուկայում գները դարձյալ սկսել են աճել: Հիմա բարձրորակ «պրեմիում» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 410-420 դրամով: Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 390-400 դրամ է:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակված «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2017» զեկույցի՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում արձանագրվել է համապատասխանաբար՝ 0.8% և 0.1%-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.1% և 13.9% գնաճ:

Բենզին (պրեմիում )՝ 410 դրամ

Բենզին (ռեգուլյար)՝ 400 դրամ

Դիզվառելիք՝ 380 դրամ

ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է նաև բենզինի գների մի քանի տարիների փոփոխությունն արձանագրող գրաֆիկական պատկեր:

11111111111111111

/LimiteText/

ՀՀ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան

ՏՄՊՊՀ-ի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հանձնաժողովն արձանագրել է գնաճ բենզինի շուկայում, շուրջ 20 դրամի չափով: Սակայն պատճառների մասին դեռ ՏՄՊՊՀ-ը չի կարող գնահատականներ հնչեցնել.

«Որպես գերիշխող ապրանքային շուկա՝ բենզինի շուկան ևս գտնվում է ՏՄՊՊՀ վերահսկողության դաշտում:

Թե ինչով է պայմանավորված գնաճը, առայժմ չեմ կարող ասել: Դեռևս այնքան ժամանակ չի անցել, որպեսզի կարողանայինք գնահատական տալ: Բայց կարող ենք ասել, որ բենզինի մանրածախ շուկայում հանձնաժողովը գնային մոնիթորինգի արդյունքում արձանագրել է գնային բարձրացում, մասնավորապես ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը բարձրացել է նախ 10 դրամով, և հետո սեպտեմբերի 25-ից բարձրացավ ևս 10 դրամով: Այսինքն՝ արդյունքում մեկ լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը բենզալցակայաններում կազմում է 390-400 դրամ:

Հանձնաժողովը գնային փոփոխությունը և հիմնավորվածությունը գտնելու նպատակով սկսել է ուսումնասիրություն:

Զուգահեռաբար ուսումնասիրվում է նաև միջազգային շուկայում զարգացումները: Պահանջված տեղեկատվությունը երբ որ հանձնաժողովն ամբողջությամբ ստանա, համեմատելով միջազգային շուկայում գների փոփոխությունների հետ, արդեն կկարողանանք հստակորեն պարզել, թե գնագոյացման շուկայում ինչն է հանգեցրել գնաճի, կամ ինչ է փոփոխվել, որն էլ հանգեցրել է գնաճի»:

Ոչ պարենային ապրանքների շուկայում գնաճը 1.3% է

Ոչ պարենային մյուս ապրանքների շուկաներում ևս գնաճ արձանագրվել է թե տարեսկզբի, թե անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գնաճը գնահատվում է 1.3%, ինչը պայմանավորված է ոչ միայն բենզինի շուկայում առկա գների աճի հետ: Բարձրացել են նաև հագուստի և կոշիկի գները՝ համապատասխանաբար 5.2% և 6.4%:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-2.1%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), 2-ում գրանցվել է 0.4-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Քրիստինա Մկրտչյան

Back to top button