Միջազգային մամուլի տեսություն

Սիրիայում ԻՊ-ի վերջին խոշոր քաղաքի համար կմարտնչի ռուսաստանյան, այլ ոչ թե ամերիկյան բանակը

«ԱՄՆ-ն որոշում է կայացրել այլեւս չմիջամտել սիրիական բանակի շարունակական մարտերին, իսկ Ասադի ռուսաստանցի եւ իրանցի դաշնակիցները պատրաստվում են կոտրել «Իսլամական պետության» զորախմբերի դիմադրությունը Սիրիայում նրա վերջին, արեւելյան հենակետում»,- հայտնում է Newsweek-ը:

«Գնդապետ Ռայան Դիլոնը՝ ԻՊ-ի դեմ պայքարող միացյալ օպերատիվ-մարտական խմբի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիան որոշում է ընդունել չմասնակցել Դեյր էզ Զորի մարտերին: Այդ արեւելյան քաղաքում սիրիական բանակը վերջերս կանխեց ԻՊ-ի պաշարման փորձը: ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» նույնպես մոտենում են Դեյր էզ Զորին, սակայն, ըստ հաղորդագրությունների, նրանք մնում են քաղաքից դուրս, որպեսզի չբարդացնեն առանց այն էլ մեծ քանակությամբ մասնակիցների հակամարտությունը»,- ասվում է հոդվածում:

«Դրա փոխարեն «Սիրիայի ժողովրդավարական ուժերը»՝ հիմնականում քրդական դաշինքն արաբների եւ այլ ազգային փոքրամասնությունների հետ, առաջ կընթանա դեպի Եփրատ գետի հովիտներ: Եփրատը Դեյր էզ Զորը բաժանում է արեւմտյան մասի, որը ներկա պահին վերահսկվում է կառավարական բանակի կողմից, եւ արեւելյան մասի, որը վերահսկում է ԻՊ-ը»:

Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ Սիրիայում ընթանում է ԻՊ-ի դեմ երկու արշավ, մեկը Ռուսաստանի եւ Իրանի կողմից ղեկավարվող, որի նպատակն է երկրի ամբողջ տարածքը վերադարձնել նախագահ Ասադին, մյուսը՝ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող, որին մասնակցում են նաեւ քրդական միավորումները, որոնք ցանկանում են մի շարք տարածքներում ինքնավարություն հաստատել: «Այդ մրցակցությունը երբեմն վերածվել է բռնության, սակայն վերջին շաբաթում հիմնականում խաղաղ էր այն պատճառով, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը փորձում են համագործակցել եւ համակարգել իրենց հետաքրքրությունների շրջանակը պատերազմական երկրում»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Newsweek

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button