ԳԱԼԱ-ի առաջարկը Գյումրու ավագանուն՝ ուղերձով դիմել Ս. Սարգսյանին եւ հիշեցնել խոստումները Գյումրիի մասին

Այսօր Գյումրու ավագանին որոշում կայացրեց սոցիալապես անապահով թվով 160 ընտանիքի համայնքի բյուջեից հատկացնել 10 հազարական դրամի չափով աջակցություն:
Մինչ այդ հարցը զեկուցողին ԳԱԼԱ խմբակցությունից Քրիստինա Մկրտչյանը հարցրեց, թե քանի դիմում է եղել սոցիալապես անապահով ընտանիքներից եւ քանի հոգու են մերժել ու ինչ հիմնավորմամբ:
Ֆինանսիստ Լենա Ջիլավյանը հայտարարեց, թե չգիտի քանի դիմում է եղել ու քանի հոգու դիմում մերժել են, բայց գիտի, որ 160 դիմումի ընդառաջել են, եւ ընտրողը եղել է սոցիալական հանձնաժողովը:
Ելույթի իրավունքով ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանը մի քանի կարեւոր փաստեր արձանագրեց.
«Իշխող կուսակցության կողմից վարվող քաղաքականության արդյունքում գնալով խորանում է աղքատությունը: Շիրակի մարզում եւ Գյումրիում այն հատել է 45-46 տոկոսի շեմը, եւ հասկանալի է, որ սոցիալապես անապահով հազարավոր մարդիկ կան: Քաղաքի բյուջեն պարզապես չունի այդ հնարավորությունը, բյուջեի միջոցները սահմանափակ են այդ ընտանիքներին բոլորին աջակցելու համար: Իմ կարծիքով փոփոխության է պետք ենթարկել այս կարգը, եւ մենք հանձնաժողովում ունենք ներկայացուցիչ եւ կառաջարկենք»:
Այնուհետ Արմենուհի Վարդանյանը հիշեցրեց, որ ավագանին ուղերձով դիմելու իրավունք ունի, եւ առաջարկեց օգտվել այդ իրավունքից.
«Մենք օրենքով սահմանված կարգով ունենք հնարավորություն ուղերձ հղելու գործող իշխանություններին: Եկեք օգտվենք մեր այդ հնարավորությունից: ԳԱԼԱ խմբակցությունը կարող է հանդես գալ համապատասխան նախաձեռնությամբ եւ կազմել ուղերձը: Ուղերձին կցենք տարբեր ժամանակներում Սերժ Սարգսյանի, ներկա ու նախկին վարչապետերի խոստումները, ովքեր ամեն անգամ ընտրություններից առաջ խոստանում են ստեղծել աշխատատեղեր, կրճատել աղքատությունը, բարձրացնել աշխատավարձերը եւ այլն: Ժամանակն է իրենց հիշեցնել խոստումների մասին: Հեռուստաէկրաններ էլ այստեղ կան, շատ լավ է: Եթե կլինի համաձայնություն ավագանու կողմից, կինոդիտում կազմակերպենք եւ տեսնենք Սերժ Սարգսյանի՝ տարբեր ժամանակներում տված խոստումները: Եվ պարզապես ազդակ իջեցնենք, որ բավական է սուտ խոստումներով խորացնել աղքատությունը: Այլապես ընտրակաշառքի չափ հիշեցնող տասը հազարական դրամներով խնդիր չի լուծվում, աղքատությունը չի նվազում»:
Արձագանքեց «Բալասանյան» դաշինքից Հրայր Կարապետյանը, ով ՀՀԿ-ից է եւ զբաղեցնում է նաեւ Շիրակի մարզի կրթության վարչության պետի պաշտոնը: Նա կոչ արեց քաղաքական կոչեր չհնչեցնել ավագանու նիստի ընթացքում.
«Հարց ունեք տվեք, քննարկենք. կողմ եք՝ կողմ եք, դեմ եք՝ դեմ եք: Առավել եւս քաղաքական իշխող կուսակցությունից նստած ներկայացուցիչներին ինչ-որ հորդոր, ինչ-որ բան գրենք, անենք…
Դա ասվում է, արվում է, պետք չէ ցուցադրաբար, կոնկրետ հարցեր լինեն, կոնկրետ քննարկենք»:
Ի պատասխան Արմենուհի Վարդանյանը պատասխանեց՝ ասելով.
«Ես ուզում եմ հիշեցնել, որ սա քաղաքական հարթակ է, եւ այստեղ ի դեմս Ձեզ, պարոն Կարապետյան, ի դեմս բոլոր ներկաների քաղաքական ֆիգուրներ են, ովքեր ներկայացնում են տարբեր քաղաքական կուսակցություններ: Այնպես որ բացառված չէ, անգամ պարտադիր է, որպեսզի քաղաքական դիրքորոշում ներկայացվի: Համենայնդեպս իմ ասելիքը վերաբերում էր շատ ավելի խոշոր տրամաչափի գործիչներին»: