Սաակաշվիլին Ուկրաինայում ապստամբություն է հասունացնում
«Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Լվովում հայտարարել է, որ պատրաստ է պայքարել Կիեւում իշխանափոխության համար»,-գրում է Պաուլ Ֆլյուկիգերը շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթում: «Լվովի հյուրանոցներից մեկում նա բանակցություններ է վարել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի եւ ընդդիմադիր արեւմտամետ կուսակցության ներկայացուցիչների հետ: Նպատակն ապագա համագործակցությունն է եւ Կիեւի դեմ ապստամբելու ռազմավարության մշակումը»:
«Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հարաբերությունները խզելուց հետո Սաակաշվիլին զրկվեց երկիր մուտք գործելու իրավունքից եւ ուկրաինական քաղաքացիությունից: Ուկրաինացի իրավապահները սպառնում էին վերադարձի դեպքում նրան վտարել Վրաստան, որտեղ Սաակաշվիլիի նկատմամբ քրեական գործեր կան հարուցված: Սակայն Սաակաշվիլին չվախեցավ, եւ իր վերադարձն Ուկրաինա նշանավորեց սկանդալային ակցիայով՝ իր համակիրների եւ լրագրողների շրջապատում»,-գրում է հեղինակը:
«Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը սպառնում է Սաակաշվիլիի նկատմամբ քրեական գործ հարուցել սահմանն ապօրինաբար հատելու համար, իսկ նախագահ Պորոշենկոն նախազգուշացրել է «քաղաքական հետեւանքների» մասին: Օդեսայի նախկին նահանգապետն իր հերթին ընդգծել է, որ օրինական կերպով է գտնվում Ուկրաինայի տարածքում, եւ սա միայն պայքարի սկիզբն է»:
«Սաակաշվիլիի եւ Պորոշենկոյի հարաբերությունները լարվեցին շուրջ մեկ տարի առաջ. այդ ժամանակ Վրաստանի նախկին նախագահը մեղադրեց Պորոշենկոյին ու նրա կառավարությանը կոռուպցիայի եւ քրեական գործունեության մեջ կասկածվող օլիգարխների հետ կապեր ունենալու մեջ»:
«Լվովում ժողովուրդը եւ քաղաքապետ, Պորոշենկոյի քննադատ Անդրեյ Սադովին Սաակաշվիլիին դիմավորեցին ազգային հերոսի նման: Այս քաղաքում Մայդանի հեղաշրջումից հետո առաջին անգամ կոալիցիոն ուժերի ձեւավորման հիմք դրվեց, որոնք դժգոհ են ներկայիս բարեփոխումներից: Միեւնույն ժամանակ, այդ կոալիցիայում տխրահռչակ պոպուլիստ Տիմոշենկոյի մասնակցությունն իրավիճակը դարձնում է խիստ վտանգավոր Ուկրաինայի համար»,-եզրափակում է հոդվածագիրը:
Աղբյուր՝ Neue Zuercher Zeitung
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան