Գյումրու ավագանին հավանություն տվեց Գյումրու քաղաքի օրվա ծախսերին՝ առանց իմանալու, թե ինչ ծառայություններ ու որ կազմակերպություններն են մատուցելու

Այսօր մեկնարկեց Գյումրու ավագանու աշնանային նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված էր 21 հարց: Առաջին անգամ մասնակցում էին Գյումրու ավագանու բոլոր չորս խմբակցությունները:
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու ընտրություններից հետո ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն եւ ԳԱԼԱ-ն հայտարարել էին քաղաքական բոյկոտ՝ պայքարելով Ընտրական օրենսգրքի կամայական մոտեցման դեմ, որով ՀՀԿ-ն ներկայացնող «Բալասանյան» դաշինքին բոնուսային կարգով շնորհվեց երկու մանդատ եւ «Բալասանյան» դաշինքը դարձավ Գյումրու ավագանիում մեծամասնություն:
Քաղաքական ուժերից ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն խնդիրը տեղափոխեցին դատական հարթություն, սակայն, ըստ էության, խնդիրը մնաց անփոփոխ:
Այսօր բավականին թեժ քննարկումներ ծավալվեցին օրակարգի չորրորդ հարցի շուրջ, երբ քննարկվում էր «Գյումրու օր» տոնական միջոցառման համար 8 մլն դրամ հատկացնելու առաջարկությունը:

Սկզբում առաջարկությամբ հանդես եկավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Բադեյանը՝ առաջարկելով 8 մլն դրամով գնել երկու բնակարան եւ հատկացնել երկու անապահով ընտանիքի:
Այնուհետ ծախսային մասի վերաբերյալ հարցեր հնչեցրեց ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Արման Գրիգորյանը՝ հետաքրքրվելով, թե ինչու հստակ չի նշվում նախատեսված գումարի չափը:
Հատկանշական է, որ ծախսային մասում հստակ չէր ներկայացվում, թե ինչպես են գումարները բաշխվելու: Հատկապես երկրորդ եւ երրորդ տողերում միայն նշվում է գումարի չափ եւ ներկայացվում որպես մեքենասարքավորումների ու ծառայությունների համար հատկացվող գումար (շուրջ վեց մլն դրամ):
Արման Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչ ծառայություններ են մատուցվելու 2.2 մլն դրամով, ով է մատուցելու ծառայություն, կամ մեքենասարքավորումներ տրամադրող ընկերությունն ինչ ընկերություն է, ով է կապալառուն:

«Համայնքի բնակիչը, հարկատուն ի վերջո ուզում է համոզված լինել, որ ամեն ինչ բաց եւ թափանցիկ է, որ, ասենք, մեքենասարքավորումներ տրամադրող ընկերության ղեկավարը քաղաքապետարանի ինչ-որ աշխատակցի բարեկամ չէ, որ օրենքով է արվում, ոչ թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, որ իսկապես չկան կոռուպցիոն ռիսկեր եւ ատկատներ: Ապա հետաքրքրվեց, թե ինչպես է անցկացվել գնման գործընթացը եւ ինչ հայտեր են եղել:
Այս հարցը զեկուցող քաղաքապետարանի ֆինանսիստ Լենա Ջիլավյանը պատասխանեց, որ ինքն անգիր չի հիշում, թե այդ գումարով ինչ ծառայություններ են մատուցելու, եւ հիմա դրանք թվարկել չի կարող:
«Ծառայությունները ես այդպես անգիր չեմ հիշում, նախատեսել ենք երկու մլն 200 հազար դրամ, թե որ կառույցների հետ ենք կնքելու պայմանագիրը, իրենք հայտը կներկայացնեն, մենք իրավունք ունենք, քանի որ գումարը մլն-ից չի անցնում, ուղղակի պայմանագիր կնքելով այդ հարցը լուծել: Մինչեւ ձեր՝ գումարի չափի հաստատելը մենք չենք ներկայացնում կառույցներին, թե եկեք այս աշխատանքները կատարելու համար: Ավագանին կհաստատի գումարի ծախսը, մենք կներկայացնենք, ձեր նշած կազմակերպությունները, կառույցները կգան, կներկայանան, եւ տեսնենք որը հարմար կլինի, գումարի մեջ կտեղավորվի, պայմանագիր կկնքենք, կաշխատենք:
Ինչ մնում է ձեր մյուս հարցին՝ բարեկամ-խնամի, գիտեք, մեր քաղաքը այնքան փոքր է, որ հնարավոր է բարեկամ էլ լինի, խնամի էլ լինի»:

ԳԱԼԱ խմբակցությունից Արմենուհի Վարդանյանն արձագանքեց ֆինանսիստ Լենա Ջիլավյանին՝ ասելով.
«Փաստորեն դեռեւս հայտնի չէ՝ ընկերությունն այդքան գումար կպահանջի, թե ոչ: Բայց գումարը նախապես նշված է»:
Որից հետո արձագանքեց Սամվել Բալասանյանն՝ ասելով.
«Հիմա իմ խնամին կարող է գա երգի, երգիչ է, ասենք երգի, ի՞նչ վատ բան կա դրա մեջ»:
Ապա դիմելով ավագանու անդամներից մեկ ուրիշին՝ ասաց.
«Կարող ա քո խնամին է երգիչ, քո խնամին գա մի երկու երգ երգի, ի՞նչ վատ բան կա դրա մեջ, փողն էլ կտանք»:
Բալասանյանին արձագանքեց այս անգամ ԳԱԼԱ խմբակցությունից Քրիստինա Մկրտչյանը.

«Պարոն Բալասանյան, որեւէ սարսափելի բան չկա, որ Ձեր խնամին երգի, ուղղակի մեր ասածն այն է, որ ամեն ինչ արվի օրենքի սահմաններում: Այսինքն, եթե գնման գործընթացը պարզ չէ, հստակ չէ՝ գնման մրցույթ անցկացվել է, չի անցկացվել, բայց հստակ է, որ սահմանվել են թվեր: Ութ մլն դրամից շուրջ վեց մլն-ը հստակ չի ներկայացվում, թե ինչպես է բաշխվելու: Մեր ասածն այն է, որ իմանանք խնամուն ինչքան եք տալու: Ձեզ որտեղի՞ց այդ վստահությունը, որ կապալառու կազմակերպությունը ձեր նշած 2.2 մլն դրամով կաշխատի, կմատուցի ծառայություններ: Կարող է չի աշխատի: Կամ միգուցե ավելի քիչ գումարով կարելի էր կապալառու կազմակերպության հետ պայմանագիր կնքել»:
Հարցը դրվեց քվեարկության եւ ընդունվեց ձայների մեծամասնությամբ: