ՆորություններՎճարովի

Կբեմադրվի՞ նոր պատերազմ. ճանապարհ դեպի վարչապետություն

Հայաստանի իշխանական էլիտայի համար թիվ մեկ քաղաքական հարցը շարունակում է մնալ 2018թ.-ի վարչապետի հարցը: Սահմանադրական փոփոխությունների հեղինակ Ս. Սարգսյանի քաղաքական հենարան հանդիսացող գործիչների հիմնական առաջադրանքն այսօր այս հարցն է՝ ջանասիրաբար ապահովել Ս. Սարգսյանի՝ վարչապետ դառնալու քարոզչությունը:

Այս ընթացքում նկատելիորեն աշխատանք է տարվում հետևյալ երեք ուղղություններով.

 1.Ներկայացնել, որ Կարեն Կարապետյանը տապալել է:

2.Ոչինչ չի փոխվի, եթե Ս. Սարգսյանի փոխարեն վարչապետի պաշտոնը զբաղեցնի մեկ այլ ՀՀԿ-ական:

3.Ս. Սարգսյանը կդառնա վարչապետ, եթե պատերազմ սկսվի:

Վերջին մեկ ամսվա ընթացքում հատուկ ինֆորմացիոն հարձակում է սկսվել վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ:

/LimiteText/

Փորձ է արվում ամեն կերպ ներկայացնել, որ Կարեն Կարապետյանը տապալել է մեկ տարվա վարչապետությունը: Հասկանալի է, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակն իրապես վատ է. շարունակվում է արտագաղթը, շարունակվում է կապիտալի արտահոսքը երկրից, ներդրումները շարունակում են պակասել: ԱՎԾ պաշտոնական վիճակագրությունը ևս փաստում է, որ Հայաստանում տնտեսական գահավիժումը շարունակվում է: Սակայն երբ իրավիճակը դիտարկում ես ոչ թե վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունների ու պաշտոնական խոստումների ֆոնին, այլ որպես անցած տարիների տրամաբանական շարունակություն, ապա հասկանալի է, որ ակնկալել Հայաստանի համար նոր տնտեսական իրողություն միամտություն կլիներ:

Հասկանալի է նաև, որ երկրում ստեղծված տնտեսական վիճակը երկրի քաղաքական իրողության հետևանքն է: Եվ Հայաստանում հենց բիզնես — քաղաքականություն սերտաճումն է, որ իր արտացոլումն է գտել այսօր ԱՎԾ վիճակագրությունում:

Իհարկե, դժվար է հիմնավորել, թե այս ամենի մեղավորը հենց Կարեն Կարապետյանն է: Սակայն իրականում կարևորը դա չէ, այլ այն, որ կա հրահանգ և պետք է աշխատել կատարելու այդ հրահանգը:

Եվ ժամանակին լրատվական այն միջոցները, որոնք փորձում էին ընտրություններից առաջ Կարեն Կարապետյանին ներկայացնել որպես անգերազանցելի մենեջեր, այսօր փորձելու են հանրության մոտ հակառակ կերպարը ստեղծել, ով խոստացել է, ձախողել է և պատասխան է տալու տնտեսական ձախողումների համար:

Ոչինչ չի փոխվի, եթե Ս. Սարգսյանի փոխարեն վարչապետի պաշտոնը զբաղեցնի մեկ այլ ՀՀԿ-ական

Հաջորդ կարևոր թեզը սա է. ի՞նչ կարևոր է՝ ՀՀԿ-ից ով կլինի վարչապետ, ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Միևնույն է, վարչապետին ընտրելու է խորհրդարանը, որտեղ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ունի: Ունի ՀՅԴ-ի հետ կոալիցիոն համաձայնագիր: Այսինքն՝ որոշողը ՀՀԿ-ն է, և ինչո՞ւ են փորձում համոզել հանրությանը, թե ավելի լավ կլինի երկրում դրությունը, եթե Ս. Սարգսյանի փոխարեն վարչապետ մնա Կարեն Կարապետյանը կամ մեկ ուրիշ ՀՀԿ-ական:

Խոշոր իմաստով, ճշմարտություն կա այստեղ: Սակայն հասկանալի է, որ երկրի բարձրագույն իշխանությունը պահելու համար առաջնայինն անմիջական լծակները չհանձնելն է: Հազիվ թե Ս. Սարգսյանին բավարարի կուսակցապետի պաշտոնից երկրի կառավարման հեռանկարը:

Ամենավատն այն է նաև, որ այս հարցում Հայաստանի քաղաքական ընդդիմությունը ևս շարունակում է պասիվ կեցվածքով քաղաքականությունը: Ինչպես հայտնի է, 2018թ.-ի Ս. Սարգսյանի վարչապետության դեմ միասնական ճակատ ձևավորելու հայտարարություն էր արել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն «Ժառանգությունը» մտադիր չէ հիմա նման օրակարգով պայքար ստեղծել: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն օրերս հայտարարեց, որ պատրաստ են միանալ նման շարժմանը, սակայն ձեռնարկել չեն պատրաստվում:

ՀԱԿ-ը ևս նման օրակարգով պայքարի մասին չի հայտարարել:

Սերժ Սարգսյանի փոխարեն վարչապետի պաշտոնը գոնե զբաղեցնի մեկ այլ հանրապետական: Իսկ թե ինչով է տարբերվելու մեկ այլ հանրապետականը Սերժ Սարգսյանից, ինչով է նա լավը լինելու, քան Սերժ Սարգսյանը, այս հարցերի պատասխանը ձևակերպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը: Ըստ «Ելք»-ի ներկայացուցչի՝ եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնի Սերժ Սարգսյանը, ապա քաղաքակիրթ աշխարհը Հայաստանը կընկալի որպես բռնապետություն, որտեղ չկա իշխանության փոփոխելիություն, ինչպես Ռուսաստանում կամ Բելառուսում: 

Ս. Սարգսյանը կդառնա վարչապետ, եթե պատերազմ սկսվի

Եվ վերջապես, ամենակարևորը, փորձ է արվում ներկայացնել Ս. Սարգսյանին որպես Հայաստանի և Արցախի անվտանգության անփոխարինելի երաշխավորի:

Այսպես, օրինակ, «Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հավաստի աղբյուրների պնդմամբ, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը որոշող նեղ շրջանակի կողմից օրերս վերջապես որոշում է կայացվել, թե ով պետք է վարչապետի պաշտոնում աշխատի 2018 թվականի ապրիլից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը: Որոշվել է, որ վարչապետ մնա Կարեն Կարապետյանը և հիմնովին զբաղվի երկրի տնտեսությամբ: Սերժ Սարգսյանը կհամակարգի երկրի Անվտանգության խորհուրդը՝ իր ենթակայության ներքո ունենալով ուժային կառույցներից Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ–ն, ԱԻՆ–ը և ԱԳՆ–ն: Ոստիկանությունը կենթարկվի վարչապետին: Մեր աղբյուրի հավաստմամբ, այսպիսի որոշում է կայացվել, որպեսզի երկրի ղեկավարները դուրս գան անորոշությունից և իմանան իրենց անելիքները: Սակայն այստեղ մի կարևոր «բայց» կա: Եթե հանկարծ, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, այդ դեպքում գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը: Սա նույնպես արդեն վերջնականապես որոշված է»:

Ինչպես տեսնում ենք, Ս. Սարգսյանը ներկայացվում է որպես մեր անվտանգության միակ և անփոխարինելի երաշխավոր: Եվ բացի այդ, սա թափանցիկ ակնարկ է նաև իշխանության ներսում վարչապետությանը հավակնող մյուս ուժերին, թե եթե Ս. Սարգսյանը չլինի էլ վարչապետ, միևնույն է, իր ձեռքն է կենտրոնացնելու ուժային բոլոր կառույցները:

Ինչ է մնում է «պատերազմ սկսվելու» մասին ակնարկին, ապա իսկապես չի բացառվում, որ նույնիսկ մինչև 2018թ.-ի ապրիլ իշխանությունը ձեռնամուխ լինի մի նոր «պատերազմի» բեմադրման: Բայց սա, այսպես ասած, «լրացուցիչ» տարբերակ է:

Քրիստինա Մկրտչյան

Back to top button