ՆորություններՎճարովի

Ո՞ր կողմն է պաշտոնական ստի հեղինակը. ՀՀ ՊՆ-ն պարտավոր է մեկնաբանել

Վրաստանում կայացած ՆԱՏՕ Agile Spirit 2017 զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը դեռ փակված չէ: Հիմա էլ Վրաստանի ՊՆ-ն է տեղեկություններ տարածում: Համաձայն այդ տեղեկության՝ պաշտոնական Երևանը ստում է՝ ասելով, թե Վրաստանի զորավարժություններին հայկական կողմը մասնակցության պաշտոնական համաձայնություն չի տվել: Վրաստանի ՊՆ-ից հավաստիացրել են, թե հրավերի պաշտոնական նամակը ստանալուց հետո Հայաստանի Զինված ուժերի երկու ներկայացուցիչ այցելել են Վրաստանում կայացած վերջնական ծրագրման համաժողովին (2017, հուլիսի 10-13) և հաստատել են 3 հայ սպաների մասնակցությունը բազմազգ զորավարժություններին, իսկ ավելի ուշ հրաժարվել են՝ մերժման պատճառը չբացատրելով:

Պաշտոնական Երևանը չի հայտարարել Վրաստանի զորավարժություններին մասնակցելու մասին

Հայ հասարակությունը դեռ չէր մոռացել հայկական կողմի պաշտոնական մեկնաբանությունը Վրաստանում կայացած ՆԱՏՕ Agile Spirit 2017 զորավարժություններին հայկական կողմի մասնակցության մերժման մասին, երբ վրացական կողմը դարձյալ հիշեցրեց եղելությունը:

/LimiteText/

Հիշեցնենք, նախ ՀՀ ՊՆ տեղակալ Արտակ Զաքարյանը հանդես եկավ մեկնաբանությամբ՝ ասելով՝ «Զորավարժություններին մեր մասնակցությունը ոչ թե սիտուացիոն է, այլ խորքային գնահատականներից ելնելով է», ապա հավելեց, որ Հայաստանը ոչ մի անգամ պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին:

ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունում ևս նույն պնդումը կար, որ հայկական կողմը երբևէ չի հայտարարել Վրաստանում զորավարժությունների մասնակցության մասին, քանի որ այդ զորավարժությունները Հայաստանի համար առաջնային նշանակություն չունեն.

«Զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է՝ ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար՝ ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել:

Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են:

Վրաստանը զորավարժություններին հայկական կողմի մասնակցության թեման արդիականացրեց

Այս թեման ի սկզբանե բարձրացրեց Վրաստանի ՊՆ-ն, հայ հասարակությունը վրացական կողմից տեղեկացավ հայկական կողմի՝ զորավարժություններին մասնակցելու մերժման մասին:

Իսկ ավելի ուշ Վրաստանի ՊՆ-ն ավելի հստակորեն հայտարարեց, որ հրավեր է եղել Վրաստանի կողմից: Հրավերի պաշտոնական նամակը ստանալուց հետո Հայաստանի Զինված ուժերի երկու ներկայացուցիչ այցելել են Վրաստան, մասնակցել են կայացած վերջնական ծրագրման համաժողովին (2017, հուլիսի 10-13) և հաստատել են 3 հայ սպաների մասնակցությունը բազմազգ զորավարժություններին, իսկ ավելի ուշ հրաժարվել են՝ մերժման պատճառը չբացատրելով:

Սա, ըստ էության, հակասում է ՀՀ ՊՆ պաշտոնական հայտարարությանը: Եվ նշանակում է, որ առնվազն մեկ կողմը ստում է: Թե որ կողմն է պաշտոնական ստի հեղինակ կողմը, պարզ չէ: Ենթադրվում է, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական մեկնաբանություն է տալու:

Շարմազանովի հայտարարությունը՝ դաշնակից ՌԴ-ի մասին

Հիշենք, որ ՀՀ ՊՆ-ի և ՀՀ ՊՆ տեղակալ Արտակ Զաքարյանի մեկնաբանություններից հետո ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը խոսել էր նույն զորավարժությունների և հայկական կողմի դիրքորոշման մասին և թափանցիկ ակնարկել, որ դաշնակից երկրի շահերը չեն թողնում հայկական կողմին մասնակցելու զորավարժություններին:

Թափանցիկ այս ակնարկների տակ էլ թաքնված է ճշմարտությունը: Հարցի մյուս կողմը, թե ադրբեջանական կողմի մասնակցությունն առիթ էր հայկական կողմին հրաժարվելու զորավարժություններին մասնակցելուց, ըստ էության, թույլ փաստարկ է: Ավելի թույլ, քան դաշնակից երկրի քաղաքական շահը:

Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button