Միջազգային

Պորոշենկոն մեկնաբանել է Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադարձի մասին հայտարարությունը

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի երկիր վերադառնալու հարցերով պետք  է զբաղվեն Ներքին գործերի նախարարությունը, միգրացիոն եւ սահմանապահ ծառայությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ սեպտեմբերի 10-ին Ուկրաինա կվերադառնա Լեհաստանի տարածքից: Նրա ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության  անդամները հայտնել էին, որ մտադիր են իրենց առաջնորդին դիմավորել սահմանի վրա:

«Սաակաշվիլիին կվերաբերվեն այնպես, ինչպես ցանկացած անձի, ով հավաստի տեղեկություններ չի հաղորդել: Հետեւաբար, Սաակաշվիլիի հնարավոր վերադարձի հարցով պետք է զբաղվեն ՆԳ նախարարությունը, միգրացիոն եւ սահմանապահ ծառայությունները: Ցանկացած այլ քայլ հանցագործություն կլինի»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Պետրո Պորոշենկոյի հրամանագրով Սաակաշվիլին զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից: Նախագահի աշխատակազմում մեկնաբանել էին, որ վերջինս ոչ ճշգրիտ տեղեկություններ է հայտնել քաղաքացիություն ստանալու ժամանակ:

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ սահմանը հատելու դեպքում պատրաստվում են առգրավել Սաակաշվիլիի ուկրաինական անձնագիրը եւ արգելել նրա մուտքը երկիր:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button