ՆորություններՎճարովի

«Սասնա ծռերի ազատումը նշանակում է այս վարչախմբի վերջ, որով կկանխվի նաև Ղարաբաղի հարցի ոչ հայանպաստ լուծումը»

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ:

-Պարոն Մակեյան, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժ. Սեֆիլյանն իր հերթական հայտարարությամբ կոչ է անում ժողովրդին համախմբվել ու «Սասնա ծռեր» խմբի անդամների ազատության պահանջով հանդես գալ, քանի որ Ժ. Սեֆիլյանի պնդմամբ առանց նրանց որևէ ընդդիմադիր նախաձեռնություն ոչ մի արդյունք չի տալու: Այս ամենը որքանո՞վ եք հավանական համարում:

-Առաջին հայացքից կարծես թե ժամանակավրեպ է, տպավորությունն այդպիսին է, բայց իրականում ճիշտ ժամանակին է այդ գործընթացը սկսում, քանի որ տեսնում ենք, որ պրոցեսներ են ընթանում և՛ Ղարաբաղի հարցի շուրջ, և՛ մեր ինքնիշխանության հետ կապված, և՛ ներքին, այսպես ասած, իշխանության իրական չգոյության առումով, բացի մեկ բանից, որ իրենք ամեն ինչ անում են ամեն գնով իշխանությունը պահելու, դրա համար այդ կոչը տեղին է ու ժամանակին, ու կարծում եմ Սասնա ծռերը հասարակության կողմից ընկալվում են որպես հերոսներ, ու այսօր ընթանում է դատավարությունը, մենք տեսնում ենք ինչպիսի խայտառակ թատերական ներկայացում է իշխանությունը նախաձեռնել: Սպասել, որ վարչախումբը հենց այնպես տղաներին կազատի, ուղղակի կոչերով, դա աբսուրդ է, պետք է լինի հզոր ժողովրդական շարժում, որը, կարծում եմ նոր բան ասած չեմ լինի, որ պետք է մնացած առողջ ուժերի համախմբում տեղի ունենա՝ անհատների, քաղաքական գործիչների, մտավորականության, բոլոր ոլորտներից այն մարդիկ, ովքեր մտահոգ են, գիտեն, պատկերացնում են երկրում ինչ է կատարվում ու փորձեն այդ գաղափարի, այդ առանցքի շուրջ ժողովրդին հանել հրապարակ:

/LimiteText/

-Բայց չէ՞ որ անցած տարի, երբ երկրում թեժ զարգացումներ տեղի ունեցան, ու «Սասնա ծռեր» խումբը ստացավ հասարակության աջակցությունը, ոչ մի բան չհաջողվեց, հիմա այս պասիվ շրջանում արդյոք ժողովուրդը միահամուռ նման պահանջով հանդես կգա:

Պետրոս Մակեյան
Պետրոս Մակեյան

-Գիտեք՝ տեսական առումով ձեր հարցը տրամաբանական է, բայց երբ վերլուծում ենք անցած տարվա դեպքերը, ապա հստակ պատկերացնում ենք, որ ժողովրդի աջակցությունն արդեն օր օրի ավելանում էր, ու վարչախումբը, հասկանալով, որ դա կբերի իրենց վախճանի, բիրտ ուժի կիրառմամբ, հիշենք հուլիսի 29-ին ինչ արեցին Սարի թաղում, կանխեց այդ էվոլյուցիոն զարգացումը, աջակցության գործընթացը: Հիմա անցել է մեկ տարի, հասարակությունը տեսավ ապրիլի 2՝ ընտրություն կոչված միջոցառումը, վարչախումբը որևէ ձևով երկրի ապագայի, պետական համակարգի, Ղարաբաղի հարցի լուծման՝ ի նպաստ մեր ազգային շահի, որևէ խնդիր չի լուծում, լուծում է մեկ խնդիր. հնարավորինս մնալ իշխանության, շարունակել թալանը, փող աշխատել: Այս պարագայում կարծում եմ, որ եթե առողջ ուժերի համախմբում լինի, ապա շատ հավանական է շատ արագ գնան գործընթացները ու ժողովրդի աջակցությունը ստացվի:

-Կարելի է ասել, որ հետընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերն աշխատանք չեն տարել ժողովրդի հետ ու ավելի շատ պասիվ վարքագիծ են դրսևորել, հիմա միանգամից երկրում ընդվզում հասունացնելը դժվար չի՞ լինի:

-Ժողովրդի հետ աշխատել պետք չէ, ժողովուրդը դա ամեն օր տեսնում է իր մաշկի վրա, անարդարություններն իշխանության կողմից, անտարբերությունը, զոռբայությունը, ժողովուրդը դա ամեն օր տեսնում է, դրա համար պետք է ոչ միայն քաղաքական ուժերի, կուսակցությունների, այլ առողջ ուժերի համախմբում, այդ թվում նաև քաղաքական գործիչների, կուսակցությունների, եթե մնացել են նմանները: Մեծ հաշվով Սասնա ծռերի ազատումը նշանակում է այս վարչախմբի վերջ, որով կավարտվի նաև Ղարաբաղի հարցի ոչ հայանպաստ, այսպես ասած, հողերի հանձնման էվոլյուցիան, որ կա, Մադրիդյան սկզբունքը, Կազանյան սկզբունքը, գոնե միաժամանակ սառեցում կամ կանխում: Սասնա ծռերի ազատում կլինի միայն, երբ այս վարչախումբը վերանա, դրանով կլուծվի նաև Ղարաբաղի հարցի այս վտանգավոր ընթացքի կանխումը:

-Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ ժողովուրդն ունի ապստամբության իրավունք, ու ժամանակն է, որ օգտվի դրանից, քանի որ իշխանափոխության բոլոր խաղաղ ճանապարհներն իշխանությունները փակել են: Ի՞նչ եք կարծում, արդյոք մեր հասարակությունը պատրաստ է դրան:

-Եթե մեծ ընդվզում է, դա լուրջ կրիտիկական զանգված կհավաքի հրապարակում, փողոցներում, սրանք, ասում է՝ սատանի անունն է ավելի սարսափելի, քան ինքը՝ սատանան, սրանք այդքան սարսափելի չեն, սրանք բուտաֆորիա են: Մենք տեսանք, որ երբ կտրուկ, ոչ ստանդարտ քայլեր են կատարվում, անմիջապես համակարգը փլուզվում է, բուտաֆորիայի նման է: Դրա համար կարծում եմ՝ մեծ, լուրջ, կրիտիկական զանգվածի դեպքում այս վարչախումբն այլընտրանք չունի, նա պետք է հեռանա, քանի որ 20 տարի միայն հոշոտել է երկիրը, ուրիշ ճանապարհ չկա, միայն ժողովրդի լուրջ աջակցության դեպքում սրանց հարցը կլուծվի, դրան զուգահեռ կլուծվի նաև Սասնա ծռերի ազատության հարցը: Կյանքը ցույց տվեց, որ սրանք ոչ մի հարցում հետևություն չեն արել, ոչ մի ձևով չեն փոխվել, սրանց հեռացման ցանկացած մեխանիզմն ընկալելի է հասարակության կողմից: Գիտեք՝ մի պրոբլեմ ունենք մենք. հասարակության մեջ կա մի շերտ, որ ընդունում է այդ ճանապարհը, ցանկացած գնով, այդ թվում և ուժայինով սրանց հեռացնելու, և նաև Սասնա ծռերին հերոսներ են համարում, բայց մասնակցության առումով իրենք մտածում են՝ լավ, մենք չմասնակցենք, թող ուրիշներն անեն, հետո մենք միանանք, խնդիրն այն է, որ այդպես մտածողներին համոզել, որ իրենց մասնակցությունն անհրաժեշտ է, թեկուզև մեկ մարդու:

 

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Ավելին
Back to top button