Ասֆալտապատո՞ւմ, թե չարիք մարդկանց գլխին

Ներքին Շենգավիթ համայնքի 6-րդ փողոցի բնակիչներն իրենց փողոցի ասֆալտապատման խնդրով զանգահարել էինԳԱԼԱ-ի խմբագրություն: Բանն այն է, որ երեկ առավոտյան փողոցում ասֆալտապատում են իրականացրել, սակայն` ոչ փողոցի ամբողջ լայնքով: Ու արդյունքում անձրևների ժամանակ ջուրը լցվելու է մարդկանց բնակարաններ: Նշենք, որ փողոցում չկան դիտահորեր:
Ասֆալտապատումն իրականացրել է Շենգավիթում գործող մի շինարարական կազմակերպություն, որի ներկայացուցիչը փաստը պարզաբանել է նրանով, որ քաղաքապետարանը սահմանափակ գումար է տրամադրել իրենց, որի շրջանակում կարող են փողոցն ասֆալտապատել այդ լայնքով: Խնդիրը կազմակերպությանը չի վերաբերվում, և բնակիչները այլ հարցերով պետք է դիմեն քաղաքապետարան: Բացի այդ, փողոցի կողքին ջրամբար կա, որտեղ բնակիչները աղբ են նետում, երբ ջուրն էլ լցվում է վրան, կատարյալ աղբանոց է դառնում` գարշահոտով: Բնակիչները դիմել են այդ խնդրով քաղաքապետարան: «Աղբատար մեքենան մի կերպ` ամեն անգամ զանգելուց հետո, 2 շաբաթը մեկ գալիս է փողոց: Բայց ամառվա շոգին աղբը հայաթում 2 շաբաթ ինչպե՞ս պահենք»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Աննա Ֆահրադյանը: Ինչպես նկարագրեց` աղբանոցում կան շատ առնետներ, որոնք մտնում են նաև մարդկանց տուն:
Բնակիչները պատրաստվում են ասֆալտապատման և աղբի խնդիրներով դիմում-բողոքով դիմել քաղաքապետարան:
Դիտեք տեսանյութը:
Արմինե Վարդանյան