Միջազգային

«Էրդողանը կորցրել է չափի զգացումը»

ԳԴՀ կառավարությունը եւ Գերմանիայի խոշոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները դատապարտել են Թուրքիայի նախագահի՝ թուրքական ծագում ունեցող Գերմանիայի քաղաքացիների քաղաքական ընտրության վրա ազդելու փորձերը, հաղորդում է Deutsche Welle:

Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիայի նախընտրական քարոզչությանը միջամտելու փորձերը: «Մենք թույլ չենք տա ոչ մեկին, այդ թվում նաեւ նախագահ Էրդողանին, միջամտել մեր քաղաքացիների ազատ ընտրությանը, այդ թվում նաեւ թուրքական ծագում ունեցող քաղաքացիների,- ասել է Մերկելն ընտրողների հետ հանդիպման ժամանակ: -Մենք արգելում ենք հանրային կարծիքի ձեւավորման մեջ որեւէ միջամտություն»:

«Էրդողանը կորցրել է չափի զգացումը»

Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը նույնպես քննադատել է Էրդողանի ընտրողների վրա ազդելու փորձերը: «Ի՞նչ է իրեն թույլ տալիս այդ մարդը: Թուրք նախագահի խնդիրը չէ հանձնարարականներ տալ, որոնք վերաբերում են գերմանական բունդեսթագի ընտրությունների ընթացքին»,- ասել է Շուլցը:

Դիմելով թուրքական ծագում ունեցող ԳԴՀ քաղաքացիներին՝ քաղաքական գործիչն ավելացրել է, որ նրանք համարվում են գերմանացիների մի մասը, եւ ոչ մեկին թույլ չի տրվի «այն բաժանել երկու մասի»: Շուլցի խոսքերով՝ Էրդողանը կորցրել է չափի զգացումը, այդ պատճառով ավելի շատ են աջակցելու նրանց, ովքեր պայքարում են ազատ եւ ժողովրդավար Թուրքիայի համար»:

Էրդողանը կոչ է արել Գերմանիայի թուրքերին չքվեարկել «Թուրքիայի թշնամիների դեմ»

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել թուրքական ծագում ունեցող քվեարկողներին չքվեարկել Քրիստոնեա-դեմոկրատական, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական, «Միություն-90, կանաչներ» կուսակցությունների թեկնածուների օգտին սեպտեմբերի 24-ին նախատեսված Բունդեսթագի ընտրությունների ժամանակ: «Բոլոր այդ կուսակցությունները «Թուրքիայի թշնամիներն են»,- ասել է Էրդողանը Ստամբուլում:

Նրա խոսքերով՝ թուրքերը Գերմանիայում պետք է քվեարկեն այն կուսակցության օգտին, ով թշնամանք չի արտահայտում Թուրքիայի նկատմամբ, անկախ նրանից, թե այդ կուսակցություններն ինչ տեղ են զբաղեցնում ԳԴՀ քաղաքական կյանքում:  

 

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button