Միջազգային

ԻՊ-ի զինյալները փոքր խմբերով գերի են հանձնվում «Հըզբոլլահ»-ին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները փոքր խմբերով գերի են հանձնվում սիրիա-լիբանանյան սահմանի մոտ գտնվող Զամրանի անցակետում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ներկայացուցիչը:

«ԻՊ-ի գրոհայինները Զամրանի անցակետում հանձնվում են այն բանից հետո, երբ տարածքը հայտնվեց «Հըզբոլլահի» լիարժեք կրակային վերահսկողության ներքո»,-հայտնել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքերով, ահաբեկիչների մի մասն արդեն հանձնվել է, մյուսները պատրաստվում են զենքերը վայր դնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը սիրիական բանակի հետ ԻՊ-ի զինյալների դեմ համատեղ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի սահմանի մոտ:   

Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսել լիբանանյան սահմանային տարածքում: Գեներալ Ալի Քանսուն ընդգծել է, որ լիբանանյան բանակն ինքնուրույն հարձակողական գործողություններ է ձեռնարկել իր տարածքից՝ առանց համակարգման «Հըզբոլլահ» շարժման եւ սիրիական բանակի հետ: 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button