Միջազգային

Լիբանանյան բանակը ռազմական գործողություն է սկսել սիրիական սահմանի մոտ

Լիբանանյան բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ այսօր առավոտյան սկսել է «Լուսաբաց» օպերացիան Սիրիայի սահմանի մոտ գտնվող Ջուրուդ-էլ-Քաա լեռնային տարածքն ահաբեկիչներից ազատագրելու համար: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին:

Թիրախային հրետանային հարվածներ են հասցվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի՝ Հիրբեթ-Դաուդի, Ռաս-էլ-Քաֆի եւ Ջեբել-էլ-Մհեյրամայի ուղղությամբ: Ահաբեկիչների շարքերում կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:

Լիբանանցի զինվորականների դեմ կռվում են շուրջ հազար ահաբեկիչներ, ովքեր այդ դժվարանցանելի տարածքներով զենք- զինամթերք եւ վարձկանների են տեղափոխում Սիրիայի տարածք:

Լիբանանի նախագահ Միշել Աունը պաշտպանության նախարարությունում է եւ անձամբ հետեւում է ռազմական գործողությունների ընթացքին:

Սիրիական կողմից ահաբեկիչների դեմ գործողություններ են ձեռնարկել կառավարական զորքերը եւ «Հըզբոլլահի» ջոկատները:

Աղբյուր՝ ՏԱՍՍ
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button