«Այն, որ ՌԴ-ն է հրահրել ապրիլյան պատերազմը, դա վաղուց ենք նշել, այլ հարց է, թե այդ փաստաթուղթն ինչու հիմա շրջանառության մեջ դրվեց»
«Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից ընդունել պարտությունը». երեկ նման վերնագրով հոդված հրապարակվեց voskanapat.info կայքում, որում Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Իսա Սադիգովի բացահայտումներն են տեղ գտել՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված:
Ըստ այդմ՝ Ադրբեջանի իշխանությունները ժողովրդից թաքցրել են քառօրյա պատերազմի ընթացքում ունեցած իրական կորուստները՝ զոհերի ու վիրավորների մասին հրապարակելով խեղաթյուրված տվյալներ: Հրապարակվել է նաև մի փաստաթուղթ, որն, ըստ հոդվածի, Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել է իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռևս անցյալ տարվա ապրիլի 28-ին, որում ներկայացված են Ադրբեջանի կորուստների մասին իրական տվյալները՝ 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայող:
/LimiteText/
Բացի այդ, բարձրաձայնվում է, որ 2016 թվականի ապրիլի ռազմական գործողությունները համաձայնեցված են եղել Ռուսաստանի հետ։ «Ռուսներն ասել են՝ հարձակվեք, հայերին էլ ասել են՝ պատրաստ եղեք։ Երևում է՝ Ռուսաստանը ցանկացել է պատժել և՛ Հայաստանին, և Ադրբեջանին։ Մեկին ասել է հարձակվեք, մյուսին՝ զգուշացրել»,- նշում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալը:
Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, թե շրջանառության մեջ դրված այդ հոդվածում բարձրաձայնված են այն հարցերը, որոնց մասին դեռ պատերազմական օրերին է խոսվել, այդ մասին եղել է նաև մանրամասն հաշվետվություն:

«Այն, ինչ այսօր շրջանառվում է հայկական մամուլում՝ հղում անելով այդ փաստաթղթերին, դա գալիս է ապացուցելու այն, ինչ հայտնի էր հենց ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերից, այն, ինչ հայտնի դարձավ, երբ ապրիլյան պատերազմն ավարտվեց, մասնավորապես այդ պատերազմի հետ կապված ամենայն մանրամասն հաշվետվությունը տվել է բրիտանական կազմակերպությունը՝ Bellingcat-ը, որի հաշվետվությունը կազմված է եղել տիեզերական արբանյակների օգնությամբ այդ նկարահանումների հիման վրա, ամբողջ ժամանակագրությունը տրվել է, նաև տրվել է զոհերի թիվը, ու այդ փաստաթղթում բերվածը փաստորեն գալիս է ապացուցելու այն, ինչ Bellingcat-ը գրել է դրա մասին: Այն, որ ՌԴ-ն հրահրել է պատերազմը, դրա մասին ես ասացի, երբ պատերազմը չէր ավարտվել: Եթե մարդ հետևում է միջազգային անցուդարձին ու պարզ հետևություններ չի անում, ուրեմն կամ խելք չունի, կամ էլ ազնվություն չունի այդ պարզ բաները բարձրաձայնելու: Նման մարդիկ ընդհանրապես պետք է քաղաքականության հետ կապված որևէ մեկնաբանություն չտան»,- նշում է փորձագետը:
Ռ. Մեհրաբյանը հավելում է՝ հարցն այն է, թե ինչու այս հարցերը հիմա բարձրաձայնվեցին, ինչու այդ փաստաթուղթը հիմա շրջանառության մեջ դրվեց: Դա փորձագետը պատահական չի համարում. «Երբ իշխանական շրջանակներին մոտ կանգնած լրատվամիջոցներն են դա անում, սա խոսում է այն մասին, որ այն, ինչ մինչև հիմա ասվում էր, դա համարում էին ոչ իրատեսական, անլուրջ և այլն, և այլն, թե ոնց կարելի է մեր ռազմավարական դաշնակցին ինչ-որ թթու բան ասել, կապ չունի՝ դա ճիշտ է, թե սխալ, բայց չասեք, բայց հիմա հասկանում ենք մենք ինչ է տեղի ունենում, և իշխանությունն էլ ինչ-որ տեղ կողմնորոշվում է: Ի վերջո, ողջունելի է, որ իշխանությունը գալիս է իրատեսական հարթություն, անկախ նրանից, թե «մահ ռեժիմին» գոռացողները կամ ընդհանրապես այն շրջանակներն, ովքեր կեղծ արմատական դիրքերից են, ինչ կասեն, ինչ չեն ասի, դա ինձ չի հետաքրքիր: Կարծում եմ, որ ՀՀ-ում այն քայլերը, որոնք ոչ թե իշխանության քայլերն են, այլ բոլորիս շահերից բխող քայլեր, ու այս միտումը պետք է էլ ավելի զարգացվի ու բերվի իր վերջնական տրամաբանական հանգրվանին: Եթե մարդիկ մտածում են, որ մենք ծնվել ենք ուղղակի ռուսների շահերն այս տարածաշրջանում պաշտպանելու համար, ուրեմն թող կորեն գնան ՌԴ և ՌԴ շահերը սպասարկեն այդ երկրի ներսում»,- ասաց փորձագետը:
Ռուսական կողմից շարունակում են պնդել, որ անում են հնարավորինը, որպեսզի կայունացնեն իրավիճակը, ստեղծեն պայմաններ բանակցային գործընթացի շարունակության համար՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ռուսաստանում ղարաբաղյան թեմային ցուցաբերվում է հատուկ ուշադրություն, այն մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է»,- երեկ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Փորձագետ Ռ. Մեհրաբյանը գտնում է, որ Ղարաբաղի հարցով ռուսական կողմի ցանկացած նախաձեռնողականություն պետք է մերժվի:
«Ես ձեզ կհիշեցնեմ ուղղակի Սանկտ Պետերբուրգի Պուտին-Ալիև-Սարգսյան հանդիպումը, որի արդյունքում Վիեննայում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն այդ հանդիպման ընթացքում լղոզվեցին, հիմա ինչ չպետք է անի հայկական կողմը, հայկական կողմը պետք է գրողի ծոցն ուղարկի ցանկացած նախաձեռնություն, մանավանդ ռուսական նախաձեռնություն, որը պրոցեսը տանում է Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափից դուրս»,- եզրափակեց նա:
Հերմինե Մկրտչյան