Սիրիական բանակը Ռաքքայում շրջապատել է ԻՊ-ի զորքերին, ազատագրել մի քանի բնակավայր
Սիրիական բանակը հաջողությամբ դեսանտ է իջեցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թիկունքում՝ ազատագրելով Հոմս եւ Ռաքքա նահանգների մի քանի բնակավայր:
Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է սիրիացի բարձրաստիճան սպաներից մեկը: «Սիրիական բանակը եւ դաշնակից ուժերը հաջողությամբ առաջ են շարժվում սիրիական անապատով»,-ընդգծել է նա:
Զինվորականի խոսքերով, ռազմական գործողության մեկնարկը տրվել է գիշերը: Դեսանտային ջոկատը 20 կմ տարածք է զբաղեցնում ջիհադիստների թիկունքում: Սիրիացի զինծառայողներն ԻՊ-ից ազատագրել են Հուրբեթ Մեքման եւ Ալ-Քադիր բնակավայրերը:
Կառավարական ուժերը Ռաքքայից առաջ են շարժվել 12 կմ եւ ազատագրել են նաեւ Բիր ար-Ռախում ավանը: Այստեղ չեզոքացվել են մեծաթիվ ջիհադիստներ, ոչնչացվել է 3 տանկ, 13 զրահամեքենա, 7 ականապատված ավտոմեքենա եւ մեծ քանակությամբ այլ զինտեխնիկա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է «Իսլամական պետության» կարեւորագույն հենակետերից մեկը հանդիսացող Աս-Սուխնե քաղաքը:
Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան