Ռուսաստանյան «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության շռնդալից մուտքը շուկա և առաջարկվող ցածր գները, ինչպես և կանխատեսվում էր, երկար չգործեցին:
2016 թվականի դեկտեմբերի 15-ից ընկերությունը սկսեց մշտական թռիչքները Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Մոսկվա-Գյումրի չվերթի ուղետոմսի նվազագույն գին սահմանվել էր 999 ռուբլին: Թեև հենց սկզբում հայտարարվում էր, որ ավիատոմսերը լինելու են սահմանափակ, սակայն ընկերության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ բոլոր չվերթներում կլինեն տոմսեր 999 ռուբլի արժեքով: Ընկերության ներկայացուցիչները նաև վստահեցնում էին՝ մտավախությունը, թե յուրաքանչյուր չվերթում նվազագույն գնով 1-2 տեղ կլինի, անտեղի է:
/LimiteText/
Վնասով աշխատելու մասին հարցադրմանը «Պոբեդա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը «Պոբեդա»-ի՝ տեղի շուկա մտնելու հենց առաջին օրը պատասխանեց.
«Գրեթե չկան ծախսեր: Մենք այստեղ վառելիքով չենք լիցքավորվում, այլ Մոսկվայից ենք մեզ հետ բերում, ինքնաթիռի մաքրումն ինքնուրույն ենք անում, դրա համար գործնականում ծախսեր չենք անում: Այդ իսկ պատճառով մենք կարողանում ենք առաջարկել ցածր գներ: Ինքնաթիռը թռել է 189 ուղևորով, և բոլորը տարբեր չափի գումար են վճարել, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, թե որքան է ինքնարժեքը, մեկը թռչում է 999 ռուբլով, մյուսը՝ 15.999: Կարող եք մտնել մեր կայքէջ և տեսնել, որ կան այդպիսի գներ»:
Այդ օրերին, հիշեցնենք, ամենուր գովազդային պաստառներ էին՝ «աննախադեպ գնի», Գյումրիից Մոսկվա և հակառակ ուղղությամբ ընդամենը 10.000 դրամով հասնելու վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները, թե բյուջետային ավիաընկերության մուտքը շուկա մեծ ձեռքբերում է, որ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի քիչ վճարել՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղություններից օգտվելու համար և այլն:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այդ օրերին հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է տալ հնարավորություններ այստեղ ավիափոխադրումներ իրականացնելու համար, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում թե՛ դիվանագիտական առաքելությունների միջոցով, թե՛ ուղղակիորեն շփվելով ավիաընկերությունների և ավիացիոն իշխանությունների հետ։ «Ես կարծում եմ, որ պտուղներն արդեն իսկ տեսանելի են: Ես ասում եմ՝ տոմսերն էժան չեն, և աշխատելու տեղ կա, այո, բայց եկեք ընդունենք, որ տոմսերը նաև էժանացել են»:
Տոմսերը, սակայն, էժան չմնացին: Քաղաքի տարբեր հատվածներից հանվեցին նաև աննախադեպ գին խոստացող պաստառները, գներն էլ հետզհետե բարձրացան:
Բավական է մտնել «Պոբեդա» ավիաընկերության կայք՝ համոզվելու համար, որ խոստացված գնի շրջանակներում ավիատոմս ձեռք բերելն ուղղակի անհնար է:
Օգոստոս ամսին Գյումրի-Մոսկվա ուղղությամբ ուղեւորափոխադրման գները տատանվում են 9585- 14.555 ռուբլու սահմաններում:
Սեպտեմբերին գները համեմատաբար նվազում են, սակայն խոստացված գնի սահմաններում ավիատոմս ձեռք բերելը կրկին անհնար է: Սեպտեմբերին Գյումրի-Մոսկվա ուղղության գինը տատանվում է 5041-8023 ռուբլու սահմաններում:
Հոկտեմբեր ամսին՝ 4047-4544 ռուբլի:
Նոյեմբեր-դեկտեմբեր և հաջորդող մյուս ամիսներին առհասարակ տոմս պատվիրել անհնար է, քանի որ ապաակտիվացված են այդ օրերի պատվերները:
Հասկանալի է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը կիրառեց PR տեխնոլոգիա և այսօր իրականացնում է չվերթներ, որոնց ուղետոմսի գինը բավականին բարձր է և չի զիջում Երևան-Մոսկվա ուղղության համար պահանջվող գումարին:
Հավելենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ չի պատրաստվում միջամտել այս հարցում, քանի որ «ուսումնասիրության տիրույթից դուրս» հարց է համարում: Բացի այդ, կառույցը պնդում է, որ «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը շուկայում գերիշխող դիրք չի զբաղեցնում:
Արմենուհի Վարդանյան