Սաակաշվիլին ընտանիքի հետ մեկնել է Հունգարիա
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ընտանիքի հետ մեկնել է Հունգարիա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ընտանիքիս հետ գնացել ենք Բալատոն լիճ: Գտնվում ենք հունգարացի թագավոր Անդրաշի եւ նրա կնոջ՝ ուկրաինուհի Անաստասիայի հուշարձանի մոտ»,-սոցցանցի իր էջում գրել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի միգրացիոն ծառայությունից հուլիսի 26-ին հայտարարել էին, որ Սաակաշվիլին զրկվել է այդ երկրի քաղաքացիությունից: Օդեսայի նախկին նահանգապետն այդ ընթացքում գտնվում էր ԱՄՆ-ում: Ավելի ուշ նա մեկնեց Լեհաստան եւ Լիտվա:
Ուկրաինայի սահմանային ծառայությունից ավելի ուշ հայտնել էին, որ կարգելվի Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա, իսկ սահմանը հատելու դեպքում կբռնագրավվի նրա անձնագիրը:
Վրաստանի նախկին նախագահի դեգերումներն աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են, իսկ Վրաստանում նրան սպասում են որպես մեղադրյալ: Նրա հայրենիքում քննվում են 4 քրեական գործեր, որոնք առնչվում են Միխայիլ Սաակաշվիլիին: Նա մեղադրվում է բանկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի սպանության, պատգամավոր Վալերի Գելաշվիլիին դաժան ծեծի ենթարկելու, պետական միջոցները վատնելու եւ Իմեդի հեռուստաընկերությունն ու Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող այլ բիզնեսները զավթելու մեջ:
Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան