«Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն չէին. ՀՀԿ-ական փաստաբան

«Սասնա ծռեր» խմբի գործողությունների, 2016-ի հուլիսին հաջորդած իրադարձությունների եւ մեկնարկած աղմկոտ դատաքննությունների վերաբերյալ զրուցել ենք ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ, ով նաեւ ՀՀԿ անդամ է:
«Որպես իրավաբան, որպես ՀՀ քաղաքացի ես էլ եմ հակված այն մտքին, որ կատարվածն ահաբեկչություն չէր: Ինչ վերաբերում է հարցին, թե բնակչության մի մասն ինչու աջակցություն հայտնեց զինված խմբի գործողություններին, կարծում եմ՝ այստեղ խնդիրն ավելի խորքային է եւ ունի սոցիալական արմատներ: Երբ որ մարդիկ սոցիալական կյանքից դժգոհում են, այդ սոցիալական դժգոհությունը պետք է դուրս մղվի: Հարմար առիթը ստեղծվեց, երբ որ բնակչության մի զանգվածի թվաց, թե կարող է իշխանափոխություն լինի եւ այդ իշխանափոխության արդյունքում իրենք կկարգավորեն իրենց կենցաղային զբաղվածության եւ այլ խնդիրները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Արսեն Մկրտչյանը:
Արսեն Մկրտչյանը Սարի թաղի գործով կալանավորված մեկ տասնյակից ավելի անձանց շահերն է պաշտպանում դատարանում: ՀՀԿ անդամ լինելը չի խանգարում մասնագիտական գործունեությանը, հավաստիացնում է Արսեն Մկրտչյանը:
Արմենուհի Վարդանյան