Նորություններ

1005 վանքեցի դիմել է համայն հայությանը՝ Լևոն Հայրապետյանին ազատ արձակելու պահանջին միանալու համար

Artsakh Today մամլո կենտրոնը տեղեկացնում է, որ Արցախի Վանք գյուղի 1005 բնակիչ բաց նամակ են հղել Մոսկվայում ազատազրկման մեջ գտնող Լևոն Հայրապետյանին և ամբողջ աշխարհի հայությանը:

Նամակի բովանդակությունը ներկայացվում է ամբողջությամբ.

«Հարգելի պարոն Հայրապետյան,

Վերջին օրերին տեղի ունեցածից հետո շոկի մեջ են հայտնվել ոչ միայն Վանքի բնակիչները, այլ ամբողջ Արցախը: Ակնհայտ է, որ թշնամին ուզում է հասնել իր վաղեմի նպատակին` չխնայելով նավթադոլարները, որպեսզի կոտրի Ձեզ: Մենք ոչ մի կասկած չունենք, որ Ձեզ վերագրված մեղադրանքները թելադրված են բացառապես քաղաքական նպատակներով: Այսօրվա Ձեր ազատազրկումը մարտահրավեր է համայն աշխարհի հայությանը:

Մենք դիմում ենք ամբողջ աշխարհի հայերին, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում բնակվողներին, անհատական և կոլեկտիվ կերպով դիմել Ռուսաստանի իշխանություններին` Լևոն Հայրապետյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով: Այստեղ կարևոր դեր պետք է խաղան Ռուսաստանի ազդեցիկ հայերը, ինչպիսիք են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Դանիել Խաչատուրովը, Սերգեյ և Նիկոլայ Սարգիսովները և այլոք:

Ձեզ պաշտպանելու մեր ժամանակն է եկել, հարգելի պարոն Հայրապետյան, ինչպես այս բոլոր տարիների ընթացքում ամեն պահ սրտացավ եք եղել մեր փոքր հայրենիքի ամեն կտորի, հաջողության և անհաջողության հանդեպ: Մի կորցրեք մարտական ոգին, հարգելի պարոն Հայրապետյան: Ձեզ հետ են Աստված, Հայաստանն ու Արցախը:»

Artsakh Today մամուլի կենտրոն

Back to top button