ԱՄՆ-ում ապացույց չունեն, որ ԻՊ-ի առաջնորդը ողջ է, ՌԴ-ում կարծում են, որ նրան սպանել են, Իրանում վստահ են, որ նա մեռած է
««Իսլամական պետություն» խմբավորման դեմ հակաահաբեկչական գործողությունների ամերիկացի ղեկավարը հայտարարել է, որ ինքն ապացույցներ չունի, որ գրոհայինների անորսալի առաջնորդը դեռ ողջ է, դրանով հաստատելով Ռուսաստանի, Իրանի եւ սիրիացի ակտիվիստների նախորդ հայտարարությունները, որ այդ ծայրահեղական հոգեւորականը սպանվել է»,- Newsweek-ում գրում է Թոմ Օ՛Քոննորը:
«ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ենթադրյալ սպանության հանգամանքները մնում են անհասկանալի: Թեեւ Բաղդադիի սպանության մասին շատ այլ հաղորդագրություններ հերքվել էին, Ռուսաստանի կողմից հնչեցրած վստահելի հայտարարությունը, որ մայիսի 28-ին նա օդային գրոհի հետեւանքով մահացել է ԻՊ-ի «մայրաքաղաք» Ռաքքայում հրամանատարական հավաքի ժամանակ, ստիպում է կարծել, որ նա իրոք մահացել է»:
«Գրեթե երկու շաբաթ անց իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է. «Բաղդադին հաստատ մեռած է»: Սիրիական մոնիթորինգային խումբը, ով կապեր ունի ընդդիմության հետ, հայտարարել է, թե ԻՊ-ը նույնպես սկսել է ընդունել, որ ալ-Բաղդադին սպանվել է»:
«Անկեղծ ասած, ես չգիտեմ: Ես հիմքեր չունեմ ենթադրելու, որ նա ողջ է: Ես նաեւ ապացույցներ չունեմ, որ նա սպանվել է»,- նշել է Թաունսենդը:
«Մենք հաստատել ենք նրա մահը՝ հիմնվելով Դեյր-Զորում գտնվող մեր ակտիվիստներից մեկի փոխանցած տեղեկության վրա: Նա հաստատել է, որ Բաղդադին մահացել է»,- Newsweek-ին հայտնել է «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի» տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը:
Աղբյուր՝ Newsweek
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան