ՆորություններՎճարովի

Սեփական աթո՞ռը, թե՞ սահմանին կանգնած ուրիշի զավակը. ո՞րն է կարեւորը

«Ինչո՞ւ են Ռուսաստանի բիզնես շահերն ավելի կարեւոր, քան ԱՄՆ-ինը: Ի՞նչն է պատճառը, որ ՌԴ-ն իր բիզնես շահերի համար զենք է վաճառում ռազմավարական դաշնակցի թշնամի երկրին, իսկ ԱՄՆ-ն չի կարող Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ քննարկումներ անել»: ԳԱԼԱ-ի հետ զրույցում հարցադրում է հնչեցնում քաղաքագետ Արա Պապյանը՝ հիշեցնելով՝ երբ Բելառուսը բեռնատարներ էր վաճառում Ուկրաինային, Պուտինն անհանգստացավ, թե հնարավոր է, որ դրանք օգտագործվեն զինվորականների կողմից:

/LimiteText/

Քաղաքագետը մի համեմատական էլ տարավ. երբ որ ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկին իր կարծիքը հնչեցրեց ՀՀ-ում ԱԺ ընտրությունների վերաբերյալ, Հայաստանի իշխանությունը «դաժան» վարքագիծ դրսեւորեց: Իսկ երբ ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին, եւ վտանգի տակ է երկիրը, Հայաստանի իշխանությունները վախենում են ՌԴ «ապտակից»:

«Ռուսաստանը պարզապես կարող է ապտակ տալ:

Մյուսն այն է, երբ որ քննադատում ես ընտրությունները, դրանով վտանգվում է այդ խմբի՝ մասնավորապես ՀՀԿ-ի իշխանությունը: Իսկ զենքի վաճառքի պարագայում իրենք մտածում են, որ վտանգվում են ուրիշի զավակները: Մի տեղ իրենց աթոռն է, մյուս տեղում ուրիշի զավակն է: Ո՞րն է կարեւորը»:

ԳԱԼԱ-ի հարցազրույցն ամբողջությամբ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ:

-Պարոն Պապյան, ինչո՞ւ դարձյալ լարվեց սահմանը: Մի կողմից ԱԳՆ-ները հայտարարում են հանդիպումների պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ զոհեր, Ադրբեջանը շարունակում է սպառազինվել:

-Ադրբեջանը հավատարիմ է իր վարքին, չնայած բազմաթիվ պայմանավորվածություններին՝ մասնավորապես Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ վերահսկող սարքերի տեղադրում, լարվածության մեղմացում, ու որ մեղավորները պատժվեն: Այդ ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը շարունակում է իր սողացող պատերազմի քաղաքականությունը, եւ բոլոր զոհերը պայմանավորված են դրանով: Ավելին, Ադրբեջանը սեփական ժողովրդին է փորձում դնել վտանգի տակ՝ տեղակայելով կրակակետերը գյուղերի մեջ կամ շատ մոտ գյուղերին:

-Այս ամենի հետ մեկտեղ պաշտոնական հանդիպումներ, որոնք, մեղմ ասած, բան չեն փոխում: Իսկ եթե ՀՀ ԱԳՆ-ն հենց այսօր ցուցադրաբար լքի՞ բանակցությունների սենյակը:

-Հանդիպումները պետք է շարունակվեն: Երկու կողմերն էլ գիտեն, որ այդ հանդիպումները որեւէ բան չեն տա: Իրենք լավ են հասկանում, որ այդ բանակցությունները չեն բերելու խաղաղության, բայց հասկանալի է, որ այս ձեւը թույլ է տալիս նաեւ խուսափել պատերազմից: Հիմնական նպատակը դա է, այս հանդիպումներն ինչ-որ ձեւով նպաստում են դրան: Իհարկե, հասկանալի է նաեւ, որ Ադրբեջանին զսպող միակ գործոնը մեր բանակն է եւ Ադրբեջանի բանակի դեռեւս ոչ լիարժեքորեն պատրաստ լինելը: Հենց Ադրբեջանը պատրաստ եղավ, ինքը չի նայի՝ բանակցությունները գնում են — չեն գնում: Բոլոր կողմերը լավ են հասկանում, որ այս իրավիճակում արդյունքի չեն հասնի:

-Ադրբեջանը հետեւողականորեն պատրաստվում է, մեկ շաբաթ առաջ նոր սպառազինություն գնելու մասին հայտարարություն տարածեցին, երեկ նորից հայտարարություն տարածեցին: Հայկական կողմն, ըստ էության, ինչպե՞ս է պատրաստվում, մենք կարծես թե չենք սպառազինվում, թե՞ սպառազինվում ենք, բայց ոչ ցուցադրաբար:

ՀՀ ՊՆ-ն օրերս հայտարարում էր, որ Ռուսաստանը ՀՀ-ին զենք է մատակարարում ներքին գներով:

-Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ մտադիր են Հայաստանը ոչնչացնել: Երբ որ Ալիեւն ասում է, որ Զանգեզուրն ու Իրիվանն ադրբեջանական հողեր են, որ ասում են՝ այնտեղ են ուզում տեղադրել իրենց դրոշը, դա նշանակում է, որ նպատակն է Հայաստանը գրավելը: Մնացածը պատրանք է, այդ թվում այն, որ ասում են՝ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղը գրավել: Ադրբեջանը դա չի ուզում, ուզում է Հայաստանը ոչնչացնել:

Հիմա մերոնք այդ տակտիկան են ընտրել՝ ինքնախաբեություն: Երբ որ ինչ-որ բան ես ասում, ասում են՝ չէ, պետք չէ ժողովրդին վախեցնել: Վախեցնելու խնդիր չկա: Իրական վտանգի գիտակցումը բերում է գոնե ինչ-որ քայլեր անելու անհրաժեշտության գիտակցության:

Երկու տարի առաջվա քաղաքագետների ու վերլուծաբանների խոսքերո՞վ են ներշնչվում, թե՞ երբ որ զենք են գնում, դա կարեւոր չէ: Թե՞ իբրեւ Ադրբեջանին զենք են տալիս, բայց Ռուսաստանը զսպելու է: Ռուսաստանը ոչ զսպելու է, ոչ էլ կարողանալու է զսպել: Երբ որ Ադրբեջանը հսկայական քանակության հրթիռներ է գնում, պետք է հասկանանք, որ այդ ամենը շքերթի համար չէ, ամեն մի հրթիռ տեսականորեն հայերի կյանք արժե: Հետեւաբար, Ռուսաստանը տալիս է ավելի էժան, թե չի տալիս, էական չէ: Ռուսաստանը մեզ պարտավոր է տալ, Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Ռուսաստանը պարտավոր է Ադրբեջանին զենք չվաճառել, որովհետեւ ինքը վաճառում է իր ստրատեգիական դաշնակցի դեմ:

-Պարոն Պապյան, պաշտոնական Ստեփանակերտը եւս արդարացնում է ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Կրկնում են, որ կոմերցիոն շահեր կան:

-Ռուսաստանը որպես Հայաստանի դաշնակից պարզապես իրավունք չունի զենք վաճառելու Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Ռուսաստանն իրավունք չունի զենք վաճառելու նաեւ որպես միջնորդ երկիր: Երրորդ՝ մենք ԵՏՄ երկիր ենք համարվում: Սա ամբողջովին արգելում է Ռուսաստանին զենք վաճառելը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ բիզնես է եւ այլն, հիշում ենք, երբ որ Բելառուսը բեռնատարներ վաճառեց Ուկրաինային, անձամբ Պուտինն աղմուկ բարձրացրեց՝ ասելով, որ դա կարող է օգտագործվել զինվորականների կողմից:

Հիմա կոմերցիայի նպատակով ինչ-որ մեկը թող փորձի Ռուսաստանի թշնամիներին զենք վաճառել: Տեսեք՝ ԱՄՆ-ն պարբերաբար քննարկումներ է անում:

Ամեն քննարկումից հետո ինչ աղմուկ է բարձրանում ՌԴ-ում, որ ԱՄՆ-ն իրավունք չունի նման բան անել, քանի որ դա Ռուսաստանի դեմ է: Բայց մի րոպե, եթե կոմերցիա է, ուրեմն թող դա Ռուսաստանն էլ ուղղակի որպես կոմերցիա հասկանա: Ի՞նչ է, Ամերիկայում կոմերցիայից բան չե՞ն հասկանում: Դե թող ԱՄՆ-ն զենք վաճառի Ուկրաինային: Զենքը չի եղել եւ չի հանդիսանում կոմերցիոն ապրանք, զենքը քաղաքական նշանակություն ունի:

-Պարոն Պապյան, ինչո՞վ է բացատրվում ՀՀ իշխանությունների վախվորածությունը: Երբ ԵՄ դեսպանը քննադատեց Հայաստանի իշխանություններին անցած ընտրությունների կապակցությամբ, շատ ցավագին տարան այդ քննադատությունները, բայց երբ երկրի անվտանգության հարցն է, բավականաչափ զուսպ կեցվածք են դրսեւորում, ինչո՞վ է պայմանավորված:

-Նախ ասեմ, որ մեր իշխանությունների համար շատ հեշտ է քննադատել ցանկացած մեկին՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, քան Ռուսաստանին: Ռուսաստանից վախենում են: Ռուսաստանը պարզապես կարող է ապտակ տալ:

Մյուսն այն է, երբ որ քննադատում ես ընտրությունները, դրանով վտանգվում է այդ խմբի՝ մասնավորապես ՀՀԿ-ի իշխանությունը: Իսկ զենքի վաճառքի պարագայում իրենք մտածում են, որ վտանգվում են ուրիշի զավակները: Մի տեղ իրենց աթոռն է, մյուս տեղում ուրիշի զավակն է: Ո՞րն է կարեւորը:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Ավելին
Back to top button