Նորություններ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ևս փոխեց իր գնահատականները հայաստանյան ընտրությունների վերաբերյալ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է իր վերջնական զեկույցը հայաստանյան ընտրությունների վերաբերյալ՝ հենվելով իր դիտորդական առաքելության արդյունքում ձեռք բերված փաստերի վրա:

Հարկ է ընդգծել, որ վերջնական զեկույցը որոշակի առումով տարբերվում է նախնական տարբերակից:

Նախնական զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խորհրդարանական ընտրությունները գնահատել էր որպես «լավ կազմակերպված»: Ըստ զեկույցի հեղինակների՝ ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները, իսկ ընտրությունների օրն անցել է հանգիստ և խաղաղ, օրվա ընթացքում նշանակալի միջադեպեր չեն արձանագրվել:

Վերջնական տարբերակում, սակայն, դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ միջազգային դիտորդները լարվածություն և ընտրողների ահաբեկման փորձեր են նկատել և՛ ընտրատեղամասերում, և՛ տեղամասերից դուրս:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն անդրադարձել է նաև ընտրակաշառքի, ճնշումների դեպքերին, արձանագրել է նաև, որ ընտրողների ահաբեկման դեպքեր են եղել և՛ ընտրությունների օրը, և՛ ընտրություններից առաջ:

«Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները և ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը»,- ասված է զեկույցում:

Հիշեցնենք, որ նույն կերպ նաև ԵՄ-ն էր փոխել իր գնահատականները: Ընտրություններից հետո ԵՄ տարածած հայտարարությունում նշվում էր, որ ընտրություններով Հայաստանի քաղաքացիների կամքն է արտահայտվել, իսկ ավելի ուշ ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկին առողջ քննադատություններ հնչեցրեց ընտրությունների վերաբերյալ, որոնց, սակայն, ՀՀ իշխանությունը բավականին կոպիտ և ջղագրգիռ կերպով արձագանքեց:

Ավելին
Back to top button