Նորություններ

Դատաքննությունները տապալվում են. դատական իշխանությունը չի կարող անցկացնել Սասնա ծռերի գործով դատաքննությունը

Իշխանությունները պատրաստ չեն Սասնա ծռերի գործով դատաքննությանը: Դրանով են փաստաբանները պայմանավորում տեղի ունեցած միջադեպերը. նախ՝ խմբի անդամների հանդեպ բռնությունները, փաստաբանների բնականոն աշխատանքը խոչընդոտելը, ուժեղացված հսկողությունը դատարանից դուրս եւ այլն…

Սասնա ծռերի գործով դատաքննության ժամանակ տեղի ունեցած վիճաբանության պատճառ է դարձել նաեւ այն, որ խմբի անդամները պահանջել են ոստիկաններին պատ չկազմել ապակու դիմաց, որպեսզի ապակուց այն կողմ գտնվող լրագրողները, իրենց հարազատներն ու քաղաքացիները կարողանան տեսնել՝ ինչ է կատարվում ներսում:

Գործով փաստաբանները համոզված են, որ իրավիճակը սրելու պատրվակներ են փնտրում իշխանությունները:

Դրսում եւս պարբերաբար տեղի էր ունենում քաշքշուկ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ:  Գործընթացից զերծ չէին նաեւ փաստաբանները, նույնպիսի անհարգալից վերաբերմունքի արժանանում են նաեւ նրանք: Սա պատահական չի կարող լինել: Ակնհայտ է, որ իջեցված է քաղաքական պատվեր, գործողությունները համակարգվում են մեկ կամ երկու կենտրոնից, նշում էին գործում ներգրավված փաստաբանները:

Վերջիններս, հիշեցնենք, չեն կարողանում ազատ մուտք գործել դատական նիստերի դահլիճ: Կարգադրիչները պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ եւ զննություն, որն ավելի շատ խուզարկության է նման, ինչին ընդդիմանում են փաստաբանները՝ գործողությունները որակելով անօրինական:

Այս ամենը կարող է մի քանի նպատակ հետապնդել. հնարավորինս արագ, առանց փաստաբանների եւ մեղադրյալների ներկայության եւ միջամտության ավարտել գործով դատաքննությունը: Փաստաբանները, սակայն, ավելի ազնիվ ճանապարհն են ցույց տալիս:

Back to top button
Close