Միջազգային մամուլի տեսություն

Գերմանացի քաղաքական գործիչներն Անկարայի նշանառության տակ

«Միասին վատ է, իսկ առանձին հնարավոր չէ՝ Գերմանիան եւ Թուրքիան կրկին խորացնում են համագործակցությունը: Սակայն, ինչպես հայտնի էր դարձել Die Welt-ին, Թուրքիան տեղեկություններ է հավաքում գերմանացի քաղաքական գործիչների մասին»:

«Փետրվարյան հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանցլեր Անգելա Մերկելի հետ խոսել է Գերմանիայի հետ համերաշխության եւ ՆԱՏՕ-ի կազմում համագործակցելու մասին: Մերկելն ավելի զուսպ էր եւ միայն հաստատել է երկկողմ ու միջազգային հարաբերությունների հարցերով բանակցությունների փաստը»,- նշում են հոդվածի հեղինակները:

«Գերմանիային եւ Թուրքիային միավորում է, առաջին հերթին, «Իսլամական պետության» դեմ պայքարը եւ Եվրոպայի սահմաններից դուրս հարյուր հազարավոր փախստականներին զսպելու անհրաժեշտությունը: Մնացած բոլոր հարցերում արդեն մեկ տարի նկատվում է առճակատման մակարդակի աճ. Բունդեսթագը, չնայած Անկարայի վրդովմունքին, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո սկսեց վարչակազմի քննադատների որսը, ԳԴՀ-ն դատապարտեց Անկարայում տեղի ունեցած զտումները: Իրավիճակը շարունակում է սրվել»,- ասվում է հոդվածում:

«Թուրքիան իզուր չի գերմանական գերատեսչություններին ուղարկել այն մարդկանց ցուցակները, ովքեր կասկածվում են քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ, եւ խնդրում է, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսեն: «Ամենայն հավանականությամբ,- գրում են հոդվածի հեղինակները,- թուրքական հատուկ ծառայությունը տեղեկություններ է հավաքում գերմանացի որոշ քաղաքական գործիչների մասին»:

«Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը վերջերս գերմանացի որոշ խորհրդականների հետ անցկացրել է անվտանգության հարցերով խորհրդակցություն, այդ թվում նաեւ «արտասահմանյան հատուկ ծառայությունների հնարավոր գործունեության» վերաբերյալ: Հաճախ իրականացվում են արդեն ավանդույթ դարձած խորհրդակցություններ Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության եւ Թուրքիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջեւ»:

«Եվ եթե գերմանացի իրավապահները, ինչպես նախկինում, դիմում են թուրք գործընկերներին «ճանապարհորդող» ջիհադիստների եւ հանցավոր ցանցերի դեմ պայքարում ջանքեր ներդնել, ապա թուրքական կողմը պնդում է, որ գերմանացի իրավապահ մարմիններն ուժեղացնեն միջոցները Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համակիրների եւ այլ ծայրահեղականների դեմ»,- ասվում է հոդվածում:

«Բեռլինի եւ Անկարայի միջեւ սերտ հարաբերությունները շարունակում են պահպանվել շնորհիվ փախստականների հարցով համաձայնագրի: Սակայն ավելի մանրամասն ուսումնասիրելու դեպքում պարզվում է, որ նաեւ միգրացիայի հարցում կողմերը հաճախ հանդես են գալիս հակադիր դիրքերից: Գերմանիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ երկրի տարածքում բնակվում է ավելի քան 6500 Թուրքիայի քաղաքացի, ովքեր ենթակա են արտաքսման»,- հայտնում է թերթը:

«Թուրքական կողմը պնդում է, որ վերադարձնեն վարչակազմի քննադատներին, ամենից առաջ Գյուլենի կողմնակիցներին: Թուրքիան հետեւում է նրանց, այդ թվում Գերմանիայի տարածքում գտնվողներին: Գերմանական կողմը մտադիր չէ խաղալ այդ խաղերը: Նրանց հետեւելու փոխարեն Գերմանիան նախընտրել է նրանց նախազգուշացնել: Դրա հետ մեկտեղ Բեռլինն Անկարային զգուշացրել է, որ չի հանդուրժի թուրքական ռեժիմի այդ ենթադրյալ քննադատների նկատմամբ իր տարածքում լրտեսություն իրականացնելը: Գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննություն լրտեսության կասկածանքով»,- գրում է Die Welt-ը:

«Թուրքերի կողմից վերջին սադրանքը կապված է Համբուրգում տեղի ունենալիք G20 հանդիպման հետ: Պետությունների ու կառավարությունների ղեկավարները գագաթաժողովին գալու են սեփական անվտանգության ծառայություններով: Միջոցառման նախօրեին 50 աշխատակիցներից բաղկացած ցուցակ, ովքեր հսկելու են Էրդողանին, տվել է նաեւ թուրքական կողմը: Ցուցակը մանրամասն ուսումնասիրելու ընթացքում գերմանացիներն ուշադրություն են դարձրել 4 ազգանունների վրա,- հայտնում է թերթը: -Խոսքը թիկնապահների մասին է, ովքեր մեկ ամիս առաջ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ծեծել էին հականախագահական ցույցի մասնակիցներին: Ներկա դրությամբ ԱՄՆ-ն նախագահի 8 թիկնապահներին ձերբակալելու օրդեր է տվել»: «Գերմանիայի ԱԳՆ-ն Անկարային հասկացրել է, որ այդ աշխատակիցներին պետք է հանել ցուցակից: Շատ հավանական է, որ լարված մթնոլորտի ֆոնին Անկարան կարող է նաեւ այլ սադրանքների գնալ»,-գրում են լրագրողները:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button
Close