Նորություններ

Պատժիչ գործընթաց է սկսվել Սասնա Ծռերի եւ փաստաբանների նկատմամբ

Սասնա Ծռերի մի քանի անդամներ երեկ դատարանի շենքում դաժան ծեծի են ենթարկվել: Այսօր այս մասին հայտարարեցին Սասնա Ծռերի փաստաբանները Մեդիա կենտրոնում մամլո ասուլիսի ժամանակ:

«Արարատ Խանդոյանը երեկ շատ վատ վիճակում էր եւ պատմեց, որ դատարանում ենթարկվել է դաժան ծեծի, ծեծել են նաեւ Արեգ Կյուրեղյանին, եւս մի քանիսին:

Իմ պաշտպանյալները ստացել են աչքի, ողնաշարի վնասվածքներ, ողքերի վրա մարմնական վնասվածքներ կան, Խանդոյանը դաժան հարվածներ է ստացել գլխի շրջանում: Ոստիկաններն իմացել են ինչ առողջական խնդիրներ ունի, այս ամենը տեղի է  ունենում այն դատարանում, ուր քաղաքացիները պահանջում են արդարադատություն»,-հայտարարեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանն ասաց, որ պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին: Նպատակը մեկն է՝ գործն ի վերջո հասցնել եվրոպական դատարան:

«Պատժիչ գործընթաց է սկսվել Սասնա Ծռերի եւ փաստաբանների նկատմամբ, հաջորդը լինելու են փաստաբանները, քաղաքացիները, որոնց անձնական տվյալներն ապօրինի հավաքում են դատարանում: Ակնհայտորեն այս ամենը իրականացվում է իշխանությունների պատվերով»,-հայտարարեց փաստաբանը:

«Այն  մարդիկ, ովքեր պաշտպանելու են մարդու իրավունքները, նրանք են ոտնահարում, համատարած բռնություններ են ոստիկանների կողմից»:

«Մեդիա կենտրոնում» քննարկում է՝ «Խոչընդոտվու՞մ է արդյոք փաստաբանների գործունեությունը «Սասնա ծռերի» քրեական գործի շրջանակում» թեմայով: 

Բանախոսներն են՝ 

Արա Ղարագյոզյան, փաստաբան, Արարատ Խանդոյանի պաշտպան 

Տիգրան Հայրապետյան, փաստաբան, Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի և Գևորգ սաֆարյանի պաշտպան

Մարտիկ Մարտիրոսյան, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ:

Back to top button
Close