Միջազգային մամուլի տեսություն

Պետրո Պորոշենկոյի ամառը

«Վերջին շրջանում Ուկրաինայի նախագահը Կիեւում հաճախ չի լինում»,- գերմանական Frankfurter Allgemeine-ում գրում է Քեթրին Քալվայթը:

«Այսպես, անցած շաբաթ Պետրո Պորոշենկոն Բրյուսելում էր՝ «Եվրոպական ազգային կուսակցության» համաժողովին, որտեղ բոլորն արտահայտել են իրենց համերաշխությունն Ուկրաինայի նկատմամբ: Այնուհետեւ նա մեկնել է Վաշինգտոն, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ, ինչպես չեն դադարում շեշտել ուկրաինական իշխանությունները, դեռեւս չի հանդիպել Վլադիմիր Պուտինը: Հանդիպումից հետո Պորոշենկոն ասել է, որ Թրամփը ոչ մի խորհուրդ չի տվել, նա հարցրել է, թե ինչպես կարող է օգնել:  Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, ապա հայտարարել, որ Կիեւ են ժամանելու այնպիսի կարեւոր դեմքեր, ինչպիսիք են ԱՄՆ-ի պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները»:

«Սա անկասկած Պետրո Պորոշենկոյի ամառն է: Անձամբ ինքն է այդպես կարծում»,- նշում է լրագրողը: Պորոշենկոյի խոսքերով՝ շատ տարիներ անց վերջապես Ուկրաինան դադարել է լինել օտարի տիրույթում եւ սկսել է ազդեցություն ձեռք բերել աշխարհում կարեւոր քաղաքական որոշումների վրա, իսկ սեպտեմբերի 1-ին վերջնականապես ուժի մեջ կմտնի Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագիրը:

«Շատերը նշում են, որ այդ ամենն առաջիկա երկու կամ երեք տասնամյակում ԵՄ-ին անդամակցելու անցաթուղթ չէ, թեեւ ուկրաինացիները հույս ունեն, որ դա շուտ կլինի»,- շարունակում է Քալվայթը:

«Քաղաքագետ Վյաչեսլավ Գոլուբն Արեւմուտքի հետ մերձենալու ծրագիրն անվանում է «եվրոպական բարեփոխում առանց եվրոպական հեռանկարների»: Հարցումները ցույց են տալիս, որ Պորոշենկոյի վարկանիշը գտնվում է 12 տոկոսի մակարդակում, այն դեպքում, երբ նրա երկար տարիների մրցակից Յուլյա Տիմոշենկոն «Բատկիվշչինա» կուսակցությունից որպես 2019թ.-ի նախագահական ընտրությունների պոտենցիալ թեկնածու ստացել է հարցվածների ձայների 15 տոկոսը: Վերլուծաբանները նշում են, որ Պորոշենկոն եւ «Պորոշենկոյի բլոկ»-ի կողմնակիցները շատ կոռումպացված են: Այդ պատճառով Պորոշենկոն նախընտրում է տոնել հերթական հաջողությունը Փարիզ կատարած այցով, որտեղ Մակրոնը նրան վստահեցրել է, որ Ֆրանսիան երբեք չի ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս»,- եզրափակում է Քալվայթը:

Աղբյուր՝ Frankfurter Allgemeine

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button