Նորություններ

Փաստաբանները ենթադրում են, որ Սմբատ Բարսեղյանի եւ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ բռնություններ են գործադրվում դատարանի շենքում

Դատական նիստը դեռ չսկսված՝ Սմբատ Բարսեղյանին բռնի ուժով դուրս տարան դատարանի դահլիճից:

Ապակեպատ դահլիճում ոչինչ չեն լսում ներկաներն ու լրագրողները: Սակայն տեսանելի է, որ ներսում լարված իրավիճակ է: Նախ քաշքշելով հեռացրեցին Սմբատ Բարսեղյանին, որից հետո սկսվեց քաշքշուկ: Սկսեցին քաշելով նիստերի դահլիճից տանել Սասնա ծռեր խմբի մյուս անդամներին: Նիստը դեռ չի մեկնարկել:

Կատարվածը զայրացրեց նիստի մասնակիցներին, ովքեր սկսեցին գոռալ, հարվածել ապակիներին: Կարգադրիչներն այս անգամ շարվում են ապակու դիմաց եւ այդպիսով փակում են լրագրողների եւ նիստին մասնակցող քաղաքացիների տեսադաշտը:

Ավելի ուշ փաստաբաններից Արա Ղարագյոզյանը փոխանցեց, թե ինչ է տեղի ունեցել դատարանի դահլիճում: Պարզվեց՝ Արեգ Կյուրեղյանը ինչ-որ թուղթ է փոխանցել իր փաստաբանին, որը խլել են ուղեկցող ոստիկանները:

Արդյունքում սկսվել է վիճաբանությունը: Փաստաբանները տեսել են, որ Սմբատ Բարսեղյանին եւ Արեգ Կյուրեղյանին հանելով դատարանի դահլիճից՝ տարել են մի սենյակ, որից հետո նրանց տեսել են գետնին ընկած եւ ներսից գոռոցների ձայներ են լսում: Ենթադրելի է նաեւ, որ ներսում ծեծի են ենթարկում Ծռերին: Փաստաբանները փոխանցել են նաեւ, որ ներսում վախի մթնոլորտում են գործում:

Ավելի ուշ կրքերը հանդարտվեցին նիստերի դահլիճում, սակայն դատաքննությունը դեռ չի մեկնարկել: Սմբատ Բարսեղյանին հետ բերեցին, սակայն Արեգ Կյուրեղյանը դեռ դահլիճում չէ: Դարձյալ չի վերականգնվել ձայնը, լսելի չէ` ինչ են խոսում ապակուց այն կողմ:

Պարբերաբար Պավլիկ Մանուկյանն է բարձրանում տեղից, խոսում, սակայն դարձյալ ընկալելի չէ` ինչ են խոսում Սասնա ծռեր խմբի անդամները:

Back to top button
Close