ՆորություններՎճարովի

«Դատարան պետք է կանչել այն մարդկանց, ովքեր հրաման են տվել կրակել «Սասնա ծռեր»-ի անդամների վրա», իսկ Ժիրայրից գիտենք ինչու են վախենում»

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Հայկական վերածնունդ»-ի սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, այս օրերին հայաստանյան դատական ատյաններում ընթանում են «Սասնա ծռեր» խմբի գործով, ինչպես նաև Ժ. Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստերը, որոնք անցնում են լարված, թեժ մթնոլորտում: Ընդհանրապես ինչ-որ ակնկալիք կա՞ ՀՀ դատարաններից, որ արդար դատաքննություն կիրականացնեն:

/LimiteText/

-Բոլորիս հայտնի է, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված գործը շինծու է: Ժիրայրին մեկուսացրեցին, քանի որ վախենում են նրանից: Ժիրայրն ուներ և հիմա էլ ունի մեր ժողովրդի վստահությունը, ինչպես նաև սփյուռքի, իսկ դա խնդիր է ներկա համակարգի համար:

Հայաստանի քաղաքական դաշտում հանդես եկող ընդդիմադիրներից և ոչ մեկն իրական ընդդիմադիր չէ, նրանք բոլորն էլ համակարգային կառույցներ են, որոնք պետք է խաղան իրենց տրված դերերը: Հակառակ դրանց՝ Ժիրայրը դուրս էր համակարգից:

Իսկ ամենակարևոր խնդիրն իշխանության համար՝ համաձայնեցված իմիտացիոն պատերազմի (2016 ապրիլ) միջոցով ազատագրված տարածքների վերադարձի բացահայտումն էր ՇԱԳԱՄ-ի (Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում), միջոցով, որի նախագահն է Ժիրայրը:

Իշխանությանը վախ ներշնչեց նաև ՇԱԳԱՄ-ի կողմից կազմակերպված կամավորագրումը, որին մեր հայրենակիցները թե Հայաստանում, թե սփյուռքում վստահությամբ արձագանքեցին: Վերջերս սկսվեց «Սասնա ծռեր»-ի դատավարությունները:

Աշխարհի հայությունը ուշադիր հետևում է այդ նիստերին և խորը հիասթափություն ապրում Հայաստանի դատական համակարգի կախվածությունից: Բոլորիս համար էլ պարզ է, թե ինչու է դատավորն ընդմիջում դատական նիստը՝ նրա համար, որ կարողանա ցուցումներ ստանալ հետագա ընթացքի համար:

Եթե Հայաստանում կա արդարադատություն, ապա չպետք է լինեին քաղբանտարկյալներ, «Սասնա ծռեր»-ին չպետք է դատեն որպես հանցագործների, այլ որպես ապստամբների՝ (ապստամբությունը քաղաքացու իրավունքն է՝ զավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելու), քանի որ նրանց գործողությունն ունի քաղաքական դրդապատճառներ, նրանց պահանջներն ամբողջությամբ քաղաքական են, և իրենք էլ զենքերը վայր դնելուց հայտարարել են, որ ռազմագերիներ են:

Արդար կլիներ նաև դատարան կանչել այն մարդկանց, ովքեր որոշել և հրաման են տվել կրակել «Սասնա ծռեր»-ի անդամների վրա: Մարդիկ ուզում են հիմնավորումներ լսել, թե ինչն է ստիպել կրակել և ծանր վիրավորել այն դեպքում, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարեցին, որ չեն կրակելու ոստիկանության վրա:
Որևէ ակնկալիք ներկա դատաիրավական համակարգից չենք սպասում, քանի դեռ դատավորներն աշխատում են իշխանության թելադրանքով:

— Դատական նիստի ժամանակ «Սասնա ծռեր» խմբի անդամ, խմբի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց. «Զենք վերցրե՛ք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրե՛ք»: Այսինքն՝ սա նշանակում է, որ պայքարի այլ տարբերակ չկա՞ ՀՀ-ում արդարության հասնելու համար:

-Հայաստանում հույս ունենալ ժողովրդավարական միջոցներով փոփոխություն իրականացնելու՝ անիմաստ է: Բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանում սպառվել են փոփոխության քաղաքական բոլոր միջոցները, ըստ այդմ՝ զարմանալի կամ անսպասելի չէ Վարուժան Ավետիսյանի կոչը: Ցավոք, այս իշխանությունն ուրիշ տարբերակ չի թողել:

-Պարոն Խաչատրյան, մի քանի օրից արդեն կլրանա «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման ու դրան հաջորդած իրադարձությունների մեկ տարին: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ցույց տվեց կատարվածը, և այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ դասեր քաղեցին կատարվածից թե՛ իշխանությունները և թե՛ ժողովուրդը:

-ՊՊԾ գնդի գրավումից հետո շատ բացահայտումներ եղան, առաջին հերթին, որ իշխանությունը տեղյակ չէ ժողովրդից, որ զբաղված են միայն իրենց անձնական խնդիրներով և իշխանությունն էլ օգտագործում են պաշտպանելու երկրում տեղի ունեցող անօրինականությունները:

Շատ է խոսվել ապստամբության հետևանքների մասին և կշարունակվի դեռ խոսվել, բայց խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունները հետևություն չարեցին և ավելի են վատթարացնում իրավիճակը: Դատելով «Սասնա ծռեր»-ին՝ դատապարտում են իրենք իրենց:

-Ակնհայտ է, որ ներկայումս երկրում իրավիճակը խիստ մտահոգիչ է. արտագաղթի բարձր ցուցանիշներ, աղքատության խորացում և այլն, բայց միաժամանակ նկատում ենք, որ իշխանությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք իրենց ներքին տարաձայնություններով են զբաղված, ավելի շատ քննարկում են այն հարցը, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018-ից հետո, և կամ ինչ է անելու Ս. Սարգսյանը: Այս իրավիճակում, Ձեր կարծիքով, ո՞րն է լինելու քաղաքացու դերը:

-Արտագաղթի բարձր ցուցանիշներ, աղքատության խորացում. այս իրավիճակը լրիվ համընկնում է ներկա իշխանության ղեկավարելու տրամաբանությանը՝ չկա մարդ, չկա խնդիր: Մարդիկ հեռանում են երկրից ոչ միայն տնտեսական վատ վիճակից, այլ անօրինականությունից, որը վերածվել է բռնապետության:

Հայաստանում իշխանության մեջ չկա պաշտոնավոր, որը դրածո չլինի, բնականաբար այդ մարդիկ ունեն պարտավորություններ իրենց նշանակողի հանդեպ, և ամեն մեկն իր տիրոջը ծառայելու համար պետք է կարողանա իր տեղը պահել, որի արդյունքն էլ ներքին գզվռտոցն է, իսկ թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018-ից հետո, դրա համար խոսելը դեռ վաղ է: Քաղաքացու դերը որոշիչ կարող է լինել, բայց մենք ունենք բնակիչ և քիչ թվով քաղաքացի:

-Շատ քննարկվեցին նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկու վերջին հայտարարությունները, որոնց հաջորդեց նաև ՀՀ իշխանության առանձին ներկայացուցիչների արձագանքը, թե պետք չէ խառնվել կամ միջամտել երկրի ներքին գործերին: Ձեր կարծիքով ի՞նչ է փոխվել ՀՀ-ԵՄ հարաբերություններում և ի՞նչ պատճառով, արդյոք ճնշումներ կան ՌԴ կողմից ՀՀ նկատմամբ:

-Իշխանության արձագանքը նմանվում է սփյուռքի նախարարության աշխատաոճին, այն է՝ դուք տվեք փողը և մի փորձեք իմանալ, թե մենք ինչ կանենք:

Ես ձեռնպահ կմնամ խոսել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, կարծում եմ՝ շուտով նորից կխոսվի այդ մասին:

-Օրերս ԱԺ-ում բուռն քննարկումներից հետո ընդունվեց կառավարության՝ 2017-2022 թվականների ծրագիրը: Դուք ինչ-որ լավատեսական սպասելիքներ ունե՞ք: Նկատե՞լ եք ինչ-որ դրույթներ կամ կետեր, որոնք եթե կյանքի կոչվեն, ապա երկրում իրավիճակը փոքր-ինչ կբարելավվի, ինչպես խոստանում է Կ. Կարապետյանը:

-Մենք բազմիցս հայտնել ենք մեր դիրքորոշումը ներկա համակարգի վերաբերյալ, որևէ ակնկալիք չունենք: Շարունակվում է և՛ ներքին, և՛ արտաքին թալանը, ուրիշ ոչինչ:
Միակ ակնկալիքն այն է, որ հեռանան ինչքան հնարավոր է շուտ:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Back to top button
Close