ԱՄՆ ծովային ուժի ականակիր նավը Ճապոնիայի ափերին բախվել է առեւտրական նավին
Բախումը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը 2:30-ին ճապոնական Յոկոսուկա քաղաքից 100կմ դեպի հարավ-արեւելք, հայտնում է ԱՄՆ-ի ծովային ուժի մամլո ծառայությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կործանիչը բախվել է ACX Crystal հսկայական բեռնատար նավին, որի վրա եղել է Ֆիլիպինների դրոշը:
Ճապոնիայի ափերին ամերիկյան «Ֆիցջերալդ» հրթիռային ականակիր նավի՝ ֆիլիպինյան բեռնատար նավի հետ բախման արդյունքում ԱՄՆ-ի ծովային ուժի 7 զինծառայող համարվում են անհետ կորած, ասվում է ծովային ուժի հայտարարությունում: Հայտնի է երեք տուժածների մասին, որոնցից մեկը եղել է նավապետը: Նրանց տարհանել են ուղղաթիռներով եւ տեղափոխել են Յոկոսուկայի հիվանդանոց:
Նավապետ Բրյուս Բենսոնի վիճակը կայուն է, հայտնում են ամերիկյան զինծառայողները:
ԱՄՆ-ի ծովային ուժի հայտարարությունում ասվում է նաեւ, որ ամերիկյան զինվորական նավաստիներն աջակցություն են խնդրել տեղի ցամաքային ծառայությունից, եւ որ առայժմ հայտնի չէ վնասի չափը, որը պատճառվել է կործանիչին: «Էն-էյչ-կեյ» հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր, որտեղ երեւում է ականակիր նավի աջ կողմին հասցրած հարվածի հետքը:
Ճապոնական «Էն-էյչ-կեյ» հեռարձակման կորպորացիայի տվյալներով դեպքի վայր են ուղարկվել նավեր եւ ինքնաթիռներ:
Ականակիր նավը գտնվում է Յոկոսուկա նավատորմի ԱՄՆ-ի ծովային ռազմաբազայում: Նրա զինանոցում գտնվում են «Tomahawk» թեւավոր հրթիռներ:
«Ֆիցջերալդ» ականակիր նավն աշխարհի ամենաառաջատար բարդ ռադարային համակարգ ունեցող ռազմանավերից է, նշում է Տոկիոյում BBC-ի թղթակիցը:
Աղբյուր՝ bbc.com
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան