Նորություններ

«Ատկատ-մատկատ չկա, թափանցիկ աշխատանք է լինելու». Սամվել Բալասանյանը՝ 23.8 մլն եվրո վարկային ծրագրի մասին

2015 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի՝ Գյումրին ասֆալտապատելու, բարեկարգելու եւ լուսավորելու խոստումները դեռեւս գործի չեն վերածվել: Ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ՎԶԵԲ-ի կողմից 23.8 մլն եվրո վարկային դրամաշնորհային ծրագրով ուր որ է կմեկնարկեն աշխատանքները, հայտարարում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Կոնկրետ ե՞րբ կարկատանների փոխարեն տեղի կունենան փողոցների հիմնանորոգման աշխատանքներ: Այս հարցը դեռեւս հստակ պատասխան չունի…

«Բուն պրոցեսը մենք կարող ենք սկսել, եթե մեկ փողոց իրենք նախագծանախահաշվային փաստաթղթերը տան, դնենք մրցույթ: Երկու ամիս միջազգային մրցույթն է տեւելու շինարարական»,- ասաց Բալասանյանը:

«Այսինքն աշնա՞նը»,- փորձեցինք հստակեցնել: Ի պատասխան Սամվել Բալասանյանը նշեց.

«Աշուն չէ: Մենք հոկտեմբեր ամսին կարող ենք սկսել: Գոնե քարային՝ տակի աշխատանքը սկսենք, շիբինապատում եւ այլն, եւ այլն, իսկ ասֆալտապատումն անենք, երբ որ տաքացավ եղանակը: Մյուս տարի չէ, այս տարի»:

Ըստ էության, բուն շինարարական աշխատանքներին պետք է սպասել միայն 2018 թվականին:

19204720_1554216651320240_593694684_oԱյսպես ասած, «ատկատներ չեն լինի, աշխատելու ենք թափանցիկ»,- հայտարարում է Սամվել Բալասանյանը:

Այսօր քաղաքապետարանում կայացավ հանդիպում քաղաքապետարանի աշխատակիցների եւ ՎԶԵԲ-ի կողմից վարկային դրամաշնորհային ծրագրի, ասֆալտապատման աշխատանքների մասով խորհրդատուների հետ:

Բալասանյանը նշեց՝ փորձելու են գումարներ տնտեսել եւ դրանցով վերանորոգել Գյումրիի այլ փողոցներ, որոնք ծրագրում ընդգրկված չեն, նշեց, թե բանկի հետ այս հարցով եկել են պայմանավորվածության:

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Ռուդիկ Թադեւոսյանը նշեց, որ խորհրդատվական ընկերությունն աջակցելու է ծրագրերի իրականացման խմբին, որը ստեղծվել է քաղաքապետարանում:

Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագրի շրջանակներում տրամադրվելու է 14,6 մլն եվրո սուվերեն վարկ՝ երեք տրանշով: Ծրագիրը ներդրումային դրամաշնորհների տեսքով 7,3 մլն եվրո համաֆինանսավորում կստանա ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամից եւ միջազգային այլ դոնորներից: Ծրագրի նախագծանախահաշվային փաթեթի համար հատկացվելու է 1,6 մլն եվրո:

Վարկային եռակողմ համաձայնագիրը կնքվել է մայիսի 11-ին Լոնդոնում կայացած ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ:

Արմենուհի Վարդանյան

Back to top button