Նորություններ

«Մա՛հ ռեժիմին» վանկարկումներով ու ծափահարություններով մեկնարկեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը

«Շենգավիթ» վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստան» ճակատի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:

Դատական նիստերի դահլիճ մտնելուց առաջ դատական կարգադրիչները զննում էին քաղաքացիներին, այդ թվում նաև փաստաբաններին, ինչը զայրացրեց մի խումբ փաստաբանների:

ՀՀ բոլոր քաղաքացիներին չէ, որ թույլատրում են մուտք գործել դատարանի դահլիճ, թեև դատական դահլիճում շատ կային ազատ տեղեր:

Դատական նիստը դարձյալ մեկնարկեց «Ժիրա՛յր, Ժիրա՛յր», «Մա՛հ ռեժիմին» վանկարկումներով ու ծափահարություններով: Քաղաքացիները միայն ապակե պատից այն կողմ կարող են հետևել դատավարությանը: Այս անգամ հաջողվեց ձայն ապահովել, և քաղաքացիները հնարավորություն ունեն հետևելու դատական նիստի քննությանը:

Սեֆիլյանը մի քանի բառ փոխանակեց համակիրների հետ, որից հետո ոստիկաններն արգելեցին:

Նշենք, որ Սեֆիլյանի գործով դատավարությունը մեկնարկել էր մայիսի 26-ին։ Մեկնարկից 15 րոպե հետո այն հետաձգվել էր՝ գործով մեղադրյալներից մեկի փաստաբանի բացակայության պատճառով:

Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով. ըստ մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մայրաքաղաքում՝ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու միջոցով, դրա կազմակերպման համար նախապատրաստական գործողություններ է կատարել։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Սեֆիլյանը 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք՝ նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ, բայց, ինչպես նշվում է մեղադրականում, չի հասցրել ավարտել այս գործողությունները։

Ժիրայր Սեֆիլյանն ու փաստաբանները շարունակում են հայտարարել, որ նա որևէ հանցանք չի գործել և ճաղերի հետևում է հայտնվել բացառապես իր քաղաքական հայացքների համար:

Քրիստինա Մկրտչյան

Back to top button
Close