ՆորություններՎճարովի

«Կփոխվի, եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունը սպասարկի Հայաստանի շահերը, այլ ոչ թե Ռուսաստանի»

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի խմբագիր Գեղամ Բաղդասարյանի հետ։

— Պարոն Բաղդասարյան, ի՞նչ եք կարծում, ապրիլյան դեպքերից հետո պատերազմի վտանգը թուլացե՞լ է, թե՞ ճիշտ հակառակը: Կա տեսակետ, հատկապես մերձիշխանական շրջանակներից, որ իբրև ծանր հարված ստանալուց հետո լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի գնա Ադրբեջանը:

/LimiteText/

-Ամենատարածված կարծիքն այն է, որ նախաապրիլյան խախտված ռազմական հավասարակշռությունը հիմնականում վերականգնվել է, ուստի և պատերազմի վերսկսման հավանականությունն էապես նվազել է։ Մասամբ եմ սրա հետ համաձայն։ Ավելի ճիշտ, ինչպես Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանն է ասում, անակնկալ պատերազմի հավանականությունն է անհամեմատ նվազել։

Բայց գտնում եմ, որ սա մեդալի մի երեսն է միայն։ Ապրիլյան պատերազմն, ըստ իս, հնարավոր է եղել ոչ այնքան ռազմական հավասարակշռության, որքան քաղաքական հավասարակշռության խախտման պատճառով։ Նկատի ունեմ թե փոփոխվող աշխարհակարգը, թե Ռուսաստանի կոնկրետ մարտավարական նպատակները մեկ տարի առաջ և թե մի շարք այլ գործոններ։ Բայց ամենակարևորը նույնն է մնում՝ ինքնուրույն քաղաքականություն վարելու Հայաստանի իշխանությունների անկարողությունը։ Քանիցս առիթ եմ ունեցել ասելու՝ մեր անվտանգության գլխավոր սպառնալիքը մեր իսկ մսխված ինքնիշխանությունն է։ Նույն տրամաբանությամբ՝ մեր ինքնուրույն ու քաղաքակիրթ աշխարհի համար ընկալելի քաղաքականությունը կարող է լինել մեր անվտանգության գլխավոր երաշխիքը։ Այս առումով, ցավոք սրտի, ոչինչ չի փոխվել, ուստի և պատերազմի հավանականությունն էապես չի փոխվել։ Կփոխվի, եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունը սպասարկի Հայաստանի շահերը, այլ ոչ թե Ռուսաստանի։

-Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկույցում նշված էր, որ Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվում:

-Համաձայն եմ մի շարք փորձագետների այն կարծիքին, որ զեկույցի հիմնական նպատակն արտաքին խաղացողների ուշադրությունը սևեռելն է հիմնախնդրի վրա, ինչը հիմնականում դրական հանգամանք եմ համարում։

-Համանախագահները Լեռնային Ղարաբաղում են, օր առաջ էլ Հայաստանում հանդիպեցին ՀՀ իշխանությունների հետ: Ի՞նչ նշանակություն ունի այս այցը տարածաշրջան:

-Չգիտեմ։ Եզրակացություններ անելու համար բավարար տեղեկացված չեմ։

-Է. Նալբանդյանը Մինսկի խմբի համանախագահներին նախ ողջունեց հասցեական հայտարարության համար, ապա հավելեց, որ «պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն»…

-Մենք բոլորս լավ գիտենք ուրիշների անելիքները և ամեն մի պատեհ առիթով խոսում ենք այդ մասին՝ դրանով իսկ ուշադրությունը շեղելով մեր անելիքից։ ՀՀ արտգործնախարարն ավելի օգտակար բան արած կլիներ, եթե խոսեր մեր արտաքին քաղաքական գերատեսչության անելիքների մասին։

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ գործողություն են ՀՀ իշխանություններն ակնկալում Մինսկի խմբի համանախագահներից:

-Չգիտեմ։ Մեզ ավելի շատ պիտի հուզի այն, թե մե՛նք ինչ ենք ակնկալում մեր արտաքին քաղաքականության պատասխանատուներից։

-Պարոն Բաղդասարյան, շեշտադրում եք, որ մենք պետք է խոսենք մեր ակնկալիքներից՝ մեր արտաքին քաղաքականության պատասխանատուներից։ Իսկ կա՞ն ակնկալիքներ, կա՞ պահանջատիրություն՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, թե՞, ինչպես մի շարք հարցերում, այստեղ էլ հասարակությունը լուռ է, անտարբեր, սեփական հոգսերով մտահոգ կամ արտագաղթի ճանապարհներին…

— Ղարաբաղյան կարգավորման համապատկերում հայկական երկու պետությունների հանրություններն առաջնային են համարում անվտանգության ռազմական բաղադրիչը և այս առումով որոշակիորեն բավարարված են անցած տարվա ապրիլից հետո այս ուղղությամբ ձեռնարկված միջոցներով, առավել ևս, որ որոշակիորեն մասնակցել են դրանց, այսինքն՝ կար մասնակցային մոտեցում և դրանով էլ պայմանավորված՝ սեփական մասնակցության պահանջվածության զգացում։

Բայց, կրկնեմ, սա բավարար չէ, սա մեդալի մի երեսն է միայն։ Մյուս երեսում մասնակցային գործոնի անհրաժեշտության գիտակցում չկա։ Մեր հանրություններում հիմնականում ընդունված չէ խոսել անվտանգության քաղաքական բաղադրիչի մասին։ Ինչ խոսք, ռազմական բաղադրիչը շատ կարևոր է, բայց բանակն իր կարևորությամբ հանդերձ չի կարող մեր անվտանգության միակ հույսն ու երաշխիքը լինել, ավելին՝ բանակի ամրության հույսն ու գրավականն էլ մեր համարժեք, միջազգային թրենդներին համահունչ քաղաքականությունը պիտի լինի։

Արմենուհի Վարդանյան

Back to top button