Շուրջ 40 մլն դրամ 4 տարվա ընթացքում «ավելորդ» նախարար պահելու համար. նախարարների թիվը կրճատվեց

Չորս տարի անց ՀՀ կառավարությունում հասկացան, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնն ավելորդ պաշտոն է եւ որ կառավարությունը կարող է գործել նաեւ առանց դրա:
Հիշեցնենք՝ այս պաշտոնը ստեղծեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ.-ին: Սկզբում այն զբաղեցնում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, իսկ նրանից հետո շուրջ երեք տարի Դավիթ Հարությունյանը:
Այն ժամանակ Տիգրան Սարգսյանը հիմնավորեց, որ նման պաշտոնի ստեղծումն անհրաժեշտություն է, քանի որ պետք է կոորդինացնել գերատեսչությունների բարեփոխումները:
Անցած շաբաթվա վերջում Ս. Սարգսյանի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար: Իսկ կառավարության ղեկավարը որոշեց փակել թափուր մնացած պաշտոնը:
ՀՀ իշխանությունները շարունակում են գործել ըստ նպատակահարմարության: Սա հիշեցնում է նախարարությունների բացման կամ վերակազմավորման հին ու փորձված մեթոդը: Ինչպես, օրինակ, մի ժամանակ որոշվեց ՀՀ տարածքային կառավարման ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները վերակազմավորել, իսկ ավելի ուշ անջատել:
Կամ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ու ֆինանսների նախարարության վերակազմավորումը:
Ստացվում է, որ իշխանությունը ոչ միայն ըստ նպատակահարմարության նախարարություններ է ստեղծում ու վերամիավորում, այլ կոնկրետ անձի կամ անձանց համար պաշտոններ է ստեղծում:
Հավելենք, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը նախարարին հավասար պաշտոն էր համարվում, եւ պաշտոնյան վճարվում էր ինչպես նախարարները՝ ամսական մոտավորապես 793 հազար, տարեկան շուրջ 10 մլն դրամով:
Այս ավելորդ հաստիքը 4 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիներիս վրա նստել է մոտավորապես 40 մլն դրամ:
Քրիստինա Մկրտչյան