Սպորտ

Մ-20․ Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

«Ռեալը» 16-ամյա Վինիսիուս Ժունիորի համար 45 միլիոն եվրո է վճարելու՝ չհաշված հավելավճարները, եվրոպական գրանդ-ակումբները պայքար են մղում «Մոնակոյի» 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի համար և պատրաստ են 100 միլիոն եվրոյից ավելի վճարել․․․

Տրանսֆերային շուկայի խելահեղ գներն աստիճաբանար սովորական են դառնում։ Քանի դեռ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ռեկորդներ չեն գրանցվել, առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի ամենաթանկարժեք 20 տարեկանից ցածր (տեղափոխության պահին) ֆուտբոլիստներին։

10-11. Գաբրիել Ժեզուս, 32 մլն եվրո

«Պալմեյրասի» հարձակվողի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» դարձավ այս տարվա 20 տարեկանից ցածր ֆուտբոլիստների շրջանում ամենաթանկարժեք գործարքը: 2016 թվականի Օլիմպիական խաղերի և Բրազիլիայի չեմպիոնի համար անգլիական ակումբը 27 մլն ֆունտ սթերլինգ վճարեց (32 մլն եվրո): Գաբրիելը լավ է մեկնարկել եվրոպական ֆուտբոլում, իսկ Խոսեպ Գվարդիոլան խոստովանում է, որ հիացած է բրազիլացի նորեկի խաղով:

10-11. Օսկար, 32 մլն եվրո

Մի քանի տարի առաջ 20-ամյա կիսապաշտպանը ևս Բրազիլիայից Անգլիա տեղափոխվեց: 2012-ի ամռանը «Չելսին» Օսկարի համար 27 մլն ֆունտ վճարեց «Ինտերնասիոնալին»: «Չելսիի» կազմում 4.5 տարում նա 203 խաղի մասնակցեց, որոնցում 38 անգամ գոլի ու 37 անգամ գոլային փոխանցման հեղինակ դարձավ, դարձավ Պրեմիեր լիգայի և Եվրոպա լիգայի հաղթող: Հպարտանալու քիչ առիթ չունի Օսկարը, բայց լոնդոնյան կարիերայից սպասելիքներն ավելին էին: Չինաստանից 60 մլն եվրո արժողությամբ հրավերը «Չելսիին» երկմտելու առիթ չտվեց, ու հիմա Օսկարն այնտեղ է հանդես գալիս:

8-9. Ռենատու Սանշեշ, 35 մլն եվրո

Պորտուգալացի կիսապաշտպանն անցյալ մրցաշրջանի հայտնությունն էր: Սանշեշը հիասքանչ էր «Բենֆիկայի» կազմում: Նա լավ հանդես եկավ թե՛ Չեմպիոնների լիգայում, թե՛ իր երկրի համար հաղթական Եվրո-2016-ի ընթացքում: «Բավարիայում» երջանիկ էին, որ 18-ամյա ադամանդն իրենցը դարձավ ընդամենը 35 մլն եվրոյի դիմաց, թեև Ռենատուի տրանսֆերային գումարը կարող է աճել լրացուցիչ վճարների հաշվին: Սակայն Ռենատուի համար առաջին մրցաշրջան այնքան էլ հարթ չստացվեց։ Նա հաճախ մնաց պահեստայինների նստարանին, իսկ դաշտ դուրս գալիս արդյունավետությամբ չփայլեց: Մտավախություն կա, որ հարմարվելու շրջանը կարող է երկարաձգվել:

8-9. Նիկոլյա Անելկա, 35 մլն եվրո

1999-ի ամռանը «Ռեալն» «Արսենալից» 20-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի գնեց: Այդ ժամանակ 22.3 միլիոն ֆունտ սթերլինգի մասին հայտարարվեց, իսկ ավելի ուշ տրանսֆերի բոլոր մանրուքները հաշվարկելուց հետո խոսվեց 35 միլիոնի մասին: Որքան էլ որ լիներ, Անելկան իր տարիքի համար շատ թանկ էր արժեցել ու այդուհանդերձ Մադրիդում ընդամենը 1 մրցաշրջան անցկացրեց: Հարձակվողի գործերն այնքան էլ լավ չէին գոլերի առումով: Մադրիդյան ակումբի ղեկավարներն ու երկրպագուները երկար չսպասեցին ու հաջորդ մրցաշրջանում արդեն «Պարի Սեն Ժերմենը» գրեթե նույնքան գումարի դիմաց գնեց Անելկային:

7. Խավյեր Սավիոլա, 35.9 մլն եվրո

«Ռիվեր Փլեյթի» 19-ամյա «նապաստակը» 2001-ին ավելի թանկ արժեցավ «Բարսելոնայի» համար, քան Անելկան մադրիդյան ակումբի: Սավիոլան 6 տարի խաղաց Կատալոնիայում՝ 2 անգամ վարձավճարի դիմաց այլ ակումբ տեղափոխվելով: Խավյերը թե՛ հաջողված և թե՛ անհաջող պահեր է ունեցել «Բարսելոնայում» (161 խաղում 67 գնդակ է խփել), բայց ինքն էլ ավելի վառ կարիերայի ակնկալիք ուներ: Հետաքրքիր է, որ «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուց հետո արգենտինացին խաղաց նաև «Ռեալում»: 

6. Ուեյն Ռունի, 37 մլն եվրո

Երիտասարդ Ռունին այնքան հիասքանչ էր «Էվերթոնի» կազմում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 2004-ին 18-ամյա հարձակվողի համար 25 մլն ֆունտ սթերլինգն առանց երկմտելու վճարեց: Ինչպես կյանքը ցույց տվեց, Ռունին արժանի էր շռայլության, չէ՞ որ «կարմիր սատանաների» ղեկավարությունն ակումբի ապագա լեգենդի էր ձեռք բերել: «Մանչեսթեր Յունայթեդում» Ռունին 5 անգամ Անգլիայի չեմպիոն դարձավ, հաղթեց Չեմպիոնների լիգայում, ակումբային ռեկորդ սահմանեց խփած գնդակների թվով, սակայն առաջիկա ամռանը, հնարավոր է, այլ ակումբ տեղափոխվի՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու ակնկալիքով։

5. Լյուկ Շոու, 37.5 մլն եվրո

Շատերը զարմացան ու նույնիսկ հիմարություն անվանեցին «Մանչեսթեր Յունայթեդի»՝ 18-ամյա Շոուին գնելու փաստը: Մանչեսթերյան ակումբը ձախ պաշտպանի համար 31 մլն ֆունտ սթերլինգ (այդ պահին 37.5 մլն եվրո) վճարեց «Սաութհեմփթոնին»: Հիմա, երբ գործարքից տարիներ են անցել, պետք է նկատել, որ ավելորդ էր նրա համար այդքան գումար վճարել: Լյուկի պարբերական վնասվածքները դրա վառ ապացույցն են։

4. Լուկաս Մոուրա, 40 մլն եվրո

«Պարի Սեն Ժերմենը» բրազիլացի տաղանդին գնելու համար 2013-ին 40 մլն եվրո վճարեց «Սան Պաուլոյին»: 20-ամյա Լուկասից ֆրանսիական ֆուտբոլին հարմարվելու համար բավականին ժամանակ պահանջվեց: Հիմա Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը Ունայի Էմերու թիմի գլխավոր դերակատարներից է: Մոուրան Ֆրանսիայի քառակի չեմպիոն է, իսկ «Պարի Սեն Ժերմենը» ցանկության դեպքում կարող է ձեռքբերածից ավելի բարձր գնով վաճառել ֆուտբոլիստին:

2-3. Լերոյ Սանե, 50 մլն եվրո

2016-17թթ․ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի»  շարքերը համալրեց 20-ամյա Սանեն։ Անգլիական ակումբը «Շալկեին» գործարքի համար 50 մլն եվրո վճարեց: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն այն խաղացողներից է, որոնց հետ «Մանչեսթեր Սիթին» իր ապագան է կապում: Ֆուտբոլիստից այսօր է մեծ պահանջներ կան: Մեծ հաշվով Սանեն դեռևս շարունակում է հարմարվել նոր թիմի ու անգլիական ֆուտբոլի պահանջներին:

2-3. Անտոնի Մարսիալ, 50 մլն եվրո

2015-ի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» «Մոնակոյի» 20-ամյա ֆուտբոլիստի համար 50 մլն եվրո վճարեց: Մարսիալի համար Անգլիայի առաջին մրցաշրջանը լավ դասավորվեց, նա Պրեմիեր լիգայի 31 խաղում 11 գոլի հեղինակ դարձավ: Այս մրցաշրջանում Անտոնին այդքան էլ հաճախ չհայտնվեց Ժոզե Մոուրինյուի ընտրած կազմում ու բացառված չէ, որ ամռանը թեկուզ վարձավճարի դիմաց, բայց կփոխի ակումբը: 

1. Ռահիմ Սթերլինգ, 62.5 մլն եվրո

Երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում համաշխարհային ռեկորդը «Մանչեսթեր Սիթիին» է պատկանում: 2015-ի ամռանն այս ակումբը «Լիվերպուլից» 44 մլն ֆունտ սթերլինգի դիմաց ձեռք բերեց 20-ամյա Ռահիմ Սթերլինգին: Հիմա նրա տրանսֆերն աճել է ու հասել 53 մլն-ի (62.5 մլն եվրո): Ռահիմն առաջին մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 31 խաղում 6 գնդակ է խփել, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 3: Հիմա Գվարդիոլան չի ճնշում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին ու հայտարարում է, որ նա առանցքային նշանակություն ունի իր թիմի համար և ժամանակի հետ իսկական աստղ կդառնա:

Վինիսիուս Ժունիորի տրանսֆերը չի ընդգրկվել ցանկում, քանի որ նա դեռ պաշտոնապես «Ֆլամենգոյի» ֆուտբոլիստ է։

sport.times.am

Ավելին
Back to top button