Նորություններ

«Հավատարիմ ենք Առաջին Հանրապետության պատգամներին».Ս. Սարգսյան

Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց և Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը ընդունելուց հետո Սերժ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Գալէմքեարեաններ պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոց. փրկված և Հայրենիքին նվիրաբերված մշակութային արժեքներ» խորագրով ցուցահանդեսը:

 Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

***
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր և փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը:

Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի վերջին և օրհասական ճիգերն էին, որ կոչված էին պաշտպանելու մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորները և փրկելու մեր ժողովրդի վերջին բեկորները: Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը: Գործեցին բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ և աննահանջ կամքով: Գործեցին ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով:

Նորանկախ Հայաստանը ծնվեց Առաջին աշխարհամարտի համազարկերի տարափի տակ: Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, և չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:

Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մենք, թերևս, չենք ունեցել պետականությունից զրկված լինելու ավելի մեծ ժամանակահատված, քան այն փուլը, որն անմիջականորեն նախորդել է մայիսի 28-ին: Եվ, անկասկած, չենք ունեցել ավելի ծանր և ողբերգական ճակատագիր նախորդ որևէ դարաշրջանում: Ահա թե ինչու 99 տարի առաջ պետականության վերականգնումը կրկնակի թանկ էր և նվիրական, և այսօր էլ սրբազան է յուրաքանչյուր հայի համար:

Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին բերեց ոչ միայն անկախ պետականություն, այլև մարդու իրավունքներ և ազատություններ, որոնք արդեն ամրագրված էին օրենքներով:

Այսօրվա Հայաստանը նույնպես ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ՝ արցախյան ճակատում: Մենք՝ ներկա Հայաստանի քաղաքացիներս, հավատարիմ ենք Առաջին Հանրապետության պատգամներին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծագույն տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն և ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի առաջընթացի և բարօրության:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին:

23627_b 23625_b 23599_b 23593_b 23592_b

Ավելին
Back to top button