Միջազգային մամուլի տեսություն

Բեռլինն Անկարային 2 շաբաթ ժամանակ է տվել

«Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից Բունդեսվերի զինուժի դուրսբերման որոշում կայացնելուց առաջ պաշտոնական Բեռլինը ցանկանում է բանակցություններ անցկացնել Անկարայի հետ: Խնդրի կարգավորման համար Գերմանիայի կառավարությունը 2 շաբաթ ժամանակ են տվել Թուրքիայի իշխանություններին, հակառակ դեպքում կհրահանգվի այդ բազայից դուրս բերել գերմանական Tornado կործանիչները եւ լիցքավորող օդանավերը»,-գրում է Der Spiegel-ը:

«Դաշնային կառավարությունը մտադիր է բանակցություններ անցկացնել թուրքերի հետ, ինչից հետո միայն զորքերի դուրսբերման որոշում կայացնել: Միեւնույն ժամանակ, եւ գերմանական արտաքին ու պաշտպանական գերատեսչություններում, եւ դաշնային կանցլերի գրասենյակում հույս չունեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ շփումների միջոցով կկարգավորվի խնդիրը»:

«ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովի ընթացքում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում ունեցավ Էրդողանի հետ, սակայն հարցի շուրջ որեւէ հստակություն չեղավ»:

«Թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում են գտնվում  260 գերմանացի զինծառայողներ, ովքեր աջակցություն են ցուցաբերում կոալիցիոն ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում: Թուրք-գերմանական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Անկարան արգելեց Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության մուտքը «Ինջիրլիք» ավիաբազա: Իսկ թուրքերն այդ քայլին դիմեցին, քանի որ Բեռլինը քաղաքական ապաստան էր տրամադրել հետապնդվող թուրք զինվորականներին»:

 Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button