Մահացել է հանրահայտ քաղաքագետ, պետական գործիչ Զբիգնև Բժեզինսկին

ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցում 90 տարեկանում մահացել է հայտնի քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին, տեղեկացնում է BBC-ն:
«Նրան ընկերները կոչում էին Զբիգ, թոռները՝ «շեֆ», իսկ կնոջ համար նա ամբողջ կյանքի ամենաամուր սերն էր։ Ես սիրում եմ քեզ, հայրիկ»,- սոցցանցի իր էջում գրել է նրա դուստրը՝ Միկա Բժեզինսկայան։
Զբիգնև Բժեզինսկին ծնվել է 1928թ.-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Նրա ընտանիքն ազնվական ծագում ունի, սերում է Բժեզանի քաղաքից:
1977-1981 թվականներին եղել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականը։ Բժեզինսկին մի առիթով կարծիք է հայտնել, որ մարդկությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ, որն արդեն պայմանավորված է ոչ թե սոցիալական հեղափոխություններով, այլ գիտատեխնիկական առաջընթացով։
Բազմաթիվ աշխատությունների հեղինակ է՝ «Քաղաքական իշխանություն՝ «Վիթխարի կործանում։ Կոմունիզմի ծնունդը և մահը 20-րդ դարում» (1988), «Ազգային անվտանգության որոնումներում» (1988), «Շախմատային մեծ տախտակը» (1998) եւ այլն։
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան