Նորություններ

«Հայտարարությունների ֆոնին՝ երկրորդ բանան ներկրողն անգամ չունեցաք». Տնտեսագետի գնահատականները՝ կառավարության 8 ամիսների գործունեությանը

ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն հուշագիրն այլևս իրականություն է, քաղաքական այս երկու ուժերն առաջիկա 5 տարիներին կգործեն միասին՝ համաձայն ստորագրված փաստաթղթի, սակայն դեռևս պարզ չէ, թե համագործակցող ուժերի միջև գործադիրում պաշտոններն ինչպես են բաշխվելու, այս հարցում հստակություն դեռևս չկա:

Այնուամենայնիվ, Կ. Կարապետյանի գլխավորած կառավարությունը շուտով հրաժարական կներկայացնի, որպեսզի գործադիրում պորտֆելների նոր բաշխում իրականացվի:

Ի՞նչ արեց և ինչպիսի՞ գործունեություն ծավալեց Կ. Կարապետյանի ղեկավարած կառավարությունն անցած 8 ամիսների ընթացքում, արդյոք ինչ-որ դրական փոփոխություններ տեղի ունեցան երկրում:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Սուսաննա Մուրադյանը նշեց, թե վարչապետի ու կառավարության գործունեության վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար բավական է ուսումնասիրել վերջին ամիսների վիճակագրությունը, համաձայն որոնց բնակչության թիվը դարձյալ նվազել է, փոխարենն ավելացել է մահացության ցուցանիշն ու արտագաղթող ընտանիքների թիվը.

Susanna-Muradyan-21
Սուսաննա Մուրադյան

«Որևէ նոր բան ես և իմ շրջապատում որևէ մեկը չի նկատել, չի տեսել, բացի էժանագին շոուներից, որևէ նոր ազգանպաստ, հայանպաստ, երկրին օգուտ տվող որևէ գործողություն կառավարությունից չեմ տեսել, նաև որպես մասնագետ՝ տնտեսագետ, որևէ առաջընթաց չեմ տեսել, չեմ զգացել ու չեմ էլ պատկերացնում, որ հնարավոր է լինի: Այս կառավարությունը նույնիսկ չկարողացավ այնքան փոքր հարցում առաջընթաց ունենալ, ինչպիսին, օրինակ, երկրորդ բանան ներկրող ունենալը: Իսկ մինչև տարեվերջ մեր արտաքին պարտքը մոտավորապես 6,2 միլիարդի կհասնի: Այս կադրերով, այս կեղծիքներով ձևավորված ԱԺ-ով որևէ բան հնարավոր չէ փոխել, երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձով, որը որ մեր կեղծ սահմանադրության հիմնադիրը նաև դարձավ, որից բխող խայտառակ ռեյտինգային ընտրական օրենսգրքով ձևավորված ԱԺ-ն, որտեղ մի քանի թաղային հեղինակությունները, կամ չգիտես ինչ էլ կոչես իրենց, բերում էին ամենամեծ ձայները ՀՀԿ-ին, որը ձևավորելու է կառավարությունը, որտեղ կեղծ ձայներով ընտրված պատգամավորների ձեռքով քվեարկվելիք կառավարություն է լինելու, որն ավելի վատն է լինելու, քան մյուս վատերը»,- նշեց Սուսաննա Մուրադյանը:

Տնտեսագետի կանխատեսումներով մինչև տարեվերջ Հայաստանն ավելի վատ ցուցանիշներ է արձանագրելու՝ գրեթե բոլոր ոլորտներում. արդեն իսկ որոշ ապրանքատեսակների գծով կա գնաճ, ավելին, գնային բարձրացումներն, ըստ նրա, կշարունակվեն առաջիկայում ևս: Դրան զուգահեռ անմտություն է սպասել, որ ՀՀ իշխանությունները կգնան կենսաթոշակի և կամ աշխատավարձերի բարձրացման, ուստի մեր զրուցակցի համոզմամբ լավ սպասելիքներ չպետք է ունենալ.

«Արտաքին պարտքը չի պակասելու, մեր, այսպես կոչված, կառավարիչները դեռ նոր վարկեր են վերցնելու, կենսաթոշակի, աշխատավարձի չափը չի ավելանալու, գնաճ լինելու է ու արդեն կա, արտագաղթը շարունակվելու է, ստացվում է՝ ավելի վատ վիճակ ենք ունենալու: Շատ ընտանիքներ գիտեմ՝ սպասում են իրենց երեխաները դպրոցն ավարտեն մայիսին ու արտագաղթելու են: Նաև բարոյալքման այնպիսի մակարդակի հասցրեցին մարդկանց, որ մարդիկ գնացին կաշառք վերցրեցին ու վերցնելուց էլ մի քանի հոգուց վերցրեցին, այդ մարդիկ բողոքող մարդիկ էին նաև: Դիտմամբ փչացրեցին ընտրակաշառքով բողոքող ահռելի զանգվածի, որը դարձավ պասիվ բողոքող, հասարակությունը որևէ սպասելիք չունի: Որևէ ծրագիր կառավարության վերցրեք ու կտեսնեք, հատկապես 2008 թվականից հետո, ստախոս Ս. Սարգսյանի իշխանության գալուց հետո անընդհատ, Իրան-Հայաստան երկաթգիծը լինի, հետո՝ աղետի գոտում մեկ-երկու տարում տնակներ չեն լինի և այլն, Ստեփանակերտում օդանավակայանը կբացվի ու թռիչքի առաջին ուղևորը ինքը կլինի, կամ կոռուպցիան գլխից պետք է բռնեին, բայց հենց անցած տարի իր եղբոր տղային 5 միլիոն դոլարի հարկային արտոնություն է տրվել՝ կարծեմ Երևան ՋԷԿ-ի ծրագրի հետ կապված, որևէ լումա այնտեղ չի ծախսվել: Համաընկերությանն է տրվել, որը պատկանում է Սաշիկ Սարգսյանի տղային՝ Նարեկին, եթե չեմ սխալվում»,- նշեց Սուսաննա Մուրադյանը:

Կարեն Կարապետյանն ու նրա ղեկավարած գործադիր մարմինն, ըստ մեր զրուցակցի, հայտարարություններից այն կողմ չի անցել: Հայ ժողովրդին անցած 8 ամիսների ընթացքում միայն խոստումներով են զարմացրել, այն, որ երկրում ներդրումներ կարվեն, տնտեսությունը կզարգանա, աշխատատեղեր կստեղծվեն և այլն: Այնինչ տնտեսագետը հիշեցնում է, որ փոքր ու միջին ձեռնարկատերերի գործունեությունը գրեթե անհնարին է դարձել, ավելին, իր տվյալներով անցած տարվա ընթացքում 10-15 հազար ՓՄՁ է փակվել. «Ծնելիությունը նվազել է, դպրոցականները պակասել են, բնական է՝ այդ ամենն արտագաղթի հետևանքով է, աշխատատեղերը պակասել են, ՓՄՁ-ները որ նորմալ երկրներում բյուջեի 40 և ավելի տոկոսն են կազմում, մեզ մոտ 1,5 տոկոս է ու փակվում են, անցած տարի 10-15 հազար ՓՄՁ է փակվել, այսինքն եթե առողջ տնտեսական միջավայր լիներ, մրցունակ, ոչ թե խոշոր բիզնեսը, որ օլիգարխները, որոնք ԱԺ-ում ու կառավարությունում են, ուտեին ՓՄՁ-ներին, մենք կունենայինք միջին խավ ու չէինք ունենա 10 հազարին նայող ընտրող: Մահացությունն է ավելացել, երկրի ժողովրդագրական վիճակն է վատացել, այդ բոլորը խայտառակություն է, ես չգիտեմ՝ եթե 5 տարի էլ այսպես շարունակվի, ինչ է լինելու մեր երկրի վերջը, որևէ ծրագրի չեմ հավատում, քանի որ թղթի վրա գրված ավելի լավ ծրագրեր ենք ունեցել: Ս. Սարգսյանն ասում էր՝ 7 տոկոս տնտեսական աճ չապահովող կառավարությունը հրաժարական կտա, հոնքերը կիտած ասում էր, բայց որևէ կառավարություն 7 տոկոս աճ չտվեց ու հրաժարական չտվեց, իր ասած տարիներին 4,5 տոկոսից աճն իջավ 3 տոկոս, 3,5 տոկոս, իսկ հիմա ավելի վատն է լինելու, եթե մի կառավարություն չի կարողանում գոնե 500 դրամով կենսաթոշակ ավելացնել կամ նվազագույն աշխատավարձ, որն ընդհանրապես մոտիկ չէ նվազագույն կենսապահովման զամբյուղին, ու հնարավորություն չունի գոնե ինդեքսավորելու, ապա այդ կառավարության կատարած աշխատանքի մասին խոսելն ավելորդ է»,- կարծում է Սուսաննա Մուրադյանը:

Նրա համոզմամբ որևէ փոփոխություն չպետք է ակնկալել նաև նոր ձևավորվող կառավարությունից, այն ընդամենը կադրային փոխատեղումներ է խոստանում, ուրիշ ոչինչ. «Նույն մարդիկ են՝ մեկ-երկու փոփոխությամբ, մի տեղից վերցնում մի այլ տեղ են դնում, նորից գործելու է խնամի-քավոր-սանիկ-եղբայր ֆակտրը, նույն կերպ էլ պատգամավորներն են ընտրվել, որևէ շոշափելի բան չարած մարդիկ պատգամավոր են, ընդդիմությունն էլ եթե կա, այնքան հզոր չի, որ կարողանա 55 մանդատ ունեցող իշխանությանը դիմագրավել, ընդդիմությանը մնում է միայն խոսելը նոր խորհրդարանում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հերմինե Մկրտչյան

Back to top button