Տնտեսական

Սննդամթերքի գները եւ միջին աշխատավարձի չափը Հայաստանում եւ այլ երկրներում

ՀՀ-ում աղքատության ցուցանիշը ներկայումս կազմում է շուրջ 30%: Համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանում այդ ցուցանիշը շուրջ 18% է, Ադրբեջանում՝ ավելի քիչ:

Միջազգային կառույցների գնահատմամբ, աղքատության պատկերը Հայաստանում շատ ավելի մտահոգիչ է: Ըստ Համաշխարհային բանկի գնահատականների՝ Հայաստանում օրական 5 ԱՄՆ դոլարից պակաս սպառում ունեցողները կազմում են բնակչության 76%-ը՝ ավելի քան 2 մլն մարդ: Նման կարգի սպառողները, Համաշխարհային բանկի գնահատմամբ, աղքատ են համարվում։

Իսկ նվազագույն սպառողական զամբյուղը ՀՀ-ում 53.000 դրամ է: Եթե հայաստանյան միջին վիճակագրական ընտանիքում մեկ անձ է աշխատում՝ ստանալով 150.000 դրամ աշխատավարձ, իսկ ընտանիքը բաղկացած է 4-5 անդամից, ապա յուրաքանչյուր անձին բաժին է հասնում է 30-37 հզր դրամ՝  նվազագույն զամբյուղի գումարից զգալիորեն քիչ: Եվ սա այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղում ներառված է միայն սննդի և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարը:

Այժմ փորձենք հասկանալ, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները եւ միջին աշխատավարձի չափը տարբեր երկրներում: Վերլուծության մեջ օգտագործվել են նաեւ Selfmadetrip գործակալության՝ 2017թ.-ի առաջին եռամսյակային  տվյալները:

Տարբեր երկրներում առկա գներն ու տարեկան միջին աշխատավարձի չափը ներկայացված են ԱՄՆ դոլարով:

18386684_761235260712527_1185507269_n

Առանձնացված են տարբեր մայրցամաքների եւ տարածաշրջանների տարբեր կենսամակարդակ ունեցող երկրներ, որտեղ մթերքի գների, վարձատրության եւ որոշակի ընդհանրություններ կան, եւ էական տարբերություններ:

Օրինակ՝ Ավստրալիայում  1 լիտր կաթը կարելի է գնել 1.1 ԱՄՆ դոլարով՝ 532 դրամով, այն դեպքում, երբ Հայաստանում նույնքան կաթ կարելի է ձեռք բերել 0.52 ԱՄՆ դոլարով՝ շուրջ 250 դրամով: Սակայն ավստրալացիների միջին տարեկան աշխատավարձը կազմում է ավելի քան 51.000 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում՝ 4.661:

Ֆրանսիայում 1 կգ պանրի դիմաց հարկ կլինի վճարել 14.7 ԱՄՆ դոլար՝ 7.115 դրամ, իսկ Հայաստանում նույնքան պանիր կարելի է գնել 4.75 դոլարով՝ 2.300 դրամով, Ռուսաստանում՝6.5 դոլարով՝ 3.150 դրամով: Ի դեպ, ՌԴ-ում 1կգ կարտոֆիլն արժե ընդամենը 0.2 դոլար՝ 96 դրամ, Հայաստանում՝ 0.41 դոլար՝ 200դ., իսկ Կանադայում 1.9 դոլար՝ 920 դրամ:

Հայաստանում ու Ռուսաստանում սննդամթերքի գները համեմատաբար ցածր են եւ զգալիորեն տարբերվում են զարգացած երկրներում առկա գներից, սակայն միջին աշխատավարձի ցուցանիշով հայաստանցիներն ու ռուսաստանցիները չեն կարող անգամ մտածել մրցակցելու մասին, ասենք, գերմանացիների, բրիտանացիների կամ կանադացիների հետ: Համեմատության համար բերենք մեկ օրինակ. Մեծ Բրիտանիայում միջին տարեկան աշխատավարձը կազմում է 41,710 ԱՄՆ դոլար՝ ավելի քան 20 մլն դրամ, Ռուսաստանում այդ թիվը կազմում է 6.007 դոլար՝ 2 մլն 907 հզր դրամ, իսկ Հայաստանում՝ 4,661 դոլար՝ 2 մլն. 256 հզր դրամ:

Էդուարդ Մխիթարյան

Back to top button