Նորություններ

Գյումրիում տոնական շքերթով նշվեց Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակը

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակի առթիվ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում անցկացվեց տոնական միջոցառում, որին մասնակցում էին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, բազմաթիվ զինվորականներ, տարբեր պետական հաստատությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր եկել էին իրենց խոնարհումը բերելու պատերազմում զոհվածների հիշատակին:

Շնորհավորական ելույթներին ու շնորհակալական խոսքերին հաջորդեց տոնական շքերթը՝ ՊՆ Շիրակի կայազորի ու Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ:

Ամեն տարի «Մայր Հայաստան» հուշահամալիրի բարձունքը մեծ դժվարությամբ հաղթահարող պատերազմի մասնակից վետերանները մեծ սիրով իրենց հիշողություններն են փոխանցում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին: Հիշում ու պատմում են 72 տարի առաջ տեղի ունեցածը, ինչպես մեկնեցին ռազմաճակատ, ինչ դժվարություններ հաղթահարեցին մարտի դաշտում և ինչպես տոնեցին հաղթանակը:

Լուկաշ Սանոյան
Լուկաշ Սանոյան

Պատերազմի վետերան Լուկաշ Սանոյանն ասում է, որ 19 տարեկանում կամավոր մեկնեց ռազմի դաշտ, կռվեց, հաղթեց, ապա ևս 7 տարի ծառայեց բանակում: Այնուհետ 40 տարի մանկավարժական գործունեություն է ծավալել: Առողջական վիճակից չի դժգոհում, տոն օրերին էլ առանձնակի բարձր տրամադրություն ունի: Այսօր, սակայն, մեկ այլ ասելիք էլ ուներ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը մեծ ձեռքբերում էր, սակայն Լուկաշ Սանոյանն առավել գնահատում է առաջնագիծը պահող 18 տարեկան պատանիների նվիրվածությունը: «Ավելի համարձակ են, ավելի ուժեղ ու գրագետ, փառք Աստծո, լավ երիտասարդություն ունենք, շնորհալի, հայրենասեր երիտասարդներ»,- նշում է նա:

Անդրեյ Անդրեյան
Անդրեյ Անդրեյան

Ի տարբերություն նրա՝ 95-ամյա Անդրեյ Անդրեյանը դժգոհում է, որ պատերազմի մասնակից ընկերներին տարվա մեջ մեկ անգամ է տեսնում՝ ամեն տարվա մայիսի 9-ին, ու ամեն անգամ նկատում, որ իրենց շարքերը նոսրանում են: Պատմեց նաև՝ ինչպես եղավ, որ մեկնեց ռազմաճակատ. «1942 թվականին ամուսնացել եմ, 2 ամսվա ամուսնացած էինք, կնոջս տարան բանակ, վեց ամիս անցավ, ես էլ մտածեցի՝ այ մարդ, էգուց պտի գա ասի՝ դու ինչ տղամարդ ես, ես բանակ եմ եղել ու ռազմաճակատ եմ գնացել, դու չես գնացել, կամավոր գնացել եմ, բանակ էրթալս, վիրավորվելն ու հետ գալս 6 ամիս է տևել: Հայրենական պատերազմի մասնակից 40 մարդ էլ չի մնացել Գյումրի քաղաքում, մայիսի 9 պետք է լինի, որ հիշեն, մնացած օրն հիշող չկա»,- պատմեց նա:

Խորեն Սարգսյան
Խորեն Սարգսյան

Մայոր Խորեն Սարգսյանը 25 տարի ծառայել է ռուսական սահմանապահ զորքերում, իր հորեղբայրն է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին ու չի վերադարձել: Ընդամենը մեկ լուսանկար ունեն նրանից պահպանված, որը խնամքով պահում են. «Մարտնչել է Մոսկվայի մատույցներում, հետո արդեն դարձավ անհայտ զինվոր, տեղը չենք իմացել, շատ անգամ փորձել եմ, որ գտնեմ, բայց չի հաջողվել, անհայտ կորած է: Վերջին տեղեկությունը եկել է 1943 թվականին տատիկիս, 1943 թվականին Մոսկվայի մատույցներից շարժվել են առաջին ուկրաինական ֆրոնտ: Հիմա միայն այս մի նկարն է պահպանվել, այն էլ անձնագրի նկարը»,- պատմեց մայոր Սարգսյանը:

Նշում է՝ հարկավոր է արժևորել ու գնահատել ցանկացած հաղթանակ ու ձեռքբերում, ինչպես նաև այն մարդկանց ներդրումն ու ավանդը, որոնց շնորհիվ կերտվել են այդ հաղթանակները: «Մայիսը մեր ազգի համար հաղթանակների ամիս է, ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, այլ նաև Շուշիի հաղթանակը, հաջորդը գալիս է սահմանապահ զորքերի օրը, դրա համար էլ առանձնակի զգացողություններ ունենք, մայիս ամիսն առանձնակի զգացողություններ է առաջացնում: Պետք է հիշենք ու գնահատենք մեր անցյալը, մեր հաղթանակները, մեր պապիկների, տատիկների, զինվորների սխրանքը»,- եզրափակեց նա:

Հերմինե Մկրտչյան

Back to top button