Էմանուել Մակրոն. հինգ պատճառ, թե ինչու նա հաղթեց
Էմանուել Մակրոնի ազդեցությունը ֆրանսիական քաղաքականության վրա կարելի է համեմատել երկրաշարժի հետ, հաղորդում է BBC-ն: Մեկ տարի առաջ նա երկրի պատմության մեջ համակրանք չվայելող նախագահներից մեկի կառավարության անդամ էր: Իսկ այսօր 39 տարեկան հասակում նա հաղթեց նախագահական ընտրություններին համակարգի թեկնածուների պայքարում:
Նրա բախտը բերեց
Էմանուել Մակրոնին պարզապես բախտը ժպտաց: Նախընտրական պայքարում հիմնական առաջատար աջակողմյան Ֆրանսուա Ֆիյոնը աղմկոտ սկանդալի պատճառով միավորներ կորցրեց, իսկ սոցիալիստների կողմից առաջադրված թեկնածու Բենուա Համոնը՝ այդ կուսակցության ծայրահեղական թեւի ներկայացուցիչը, պարզվեց, որ պահանջված չէ այն պայմաններում, երբ ընտրողների հիմնական զանգվածն ինչ-որ այլ բան էր ուզում:
«Մակրոնի բախտը բերեց, նա հայտնվեց բացարձակ անսպասելի իրավիճակում»,- նշում է փարիզյան Terra Nova վերլուծական կենտրոնի վերլուծաբան Մարկ-Օլիվիե Պադիսը:
Նա հեռատես էր
Միայն հաջողակ լինելու փաստով Մակրոնի հաղթանակը բացատրելը դժվար է: Նա հնարավորություն ուներ առաջադրվելու սոցիալիստների կողմից, սակայն Մակրոնը հասկացավ, որ սոցիալիստներն իշխանության ղեկին եղել են մի քանի տարի, մարդիկ հոգնել են նրանցից, կուսակցությունը կորցրել է հեղինակությունը, եւ ետ բերել այն բավականին դժվար կլինի:
«Նա կարողացավ կանխատեսել, որ հնարավորություն կունենա, երբ ուրիշ ոչ ոք չէր կարող դա կանխատեսել»,- նշում է Պադիսը:
Մակրոնը հետեւեց քաղաքական շարժումների գործունեությանը, որոնք առկա են Եվրոպայի երկրներում, ինչպիսիք են Podemos-ը Իսպանիայում, «Հինգ աստղը»՝ Իտալիայում, եւ հասկացավ, որ համակարգից դուրս նմանատիպ քաղաքական ուժ Ֆրանսիայում չկա:
2016թ.-ի ապրիլին նա ստեղծեց իր շարժումը՝ En Marche («Առաջ»)՝ հայտարարելով լայն մասսաների ձգտումները: Եվս չորս ամիս անց Մակրոնը լքեց Ֆրանսուա Օլանդի կառավարությունը:
Օբամայի բաղադրատոմսը
«Մակրոնի շարժումը կառուցվել է հենց այն նույն սկզբունքով, ինչ որ Բարակ Օբամայի արշավը 2008թ.-ի ընտրությունների ժամանակ»,- ասում է փարիզյան լրագրող Էմիլի Շուլթեյսը: Նրա առաջին ակցիան «Մեծ երթն» էր՝ ոչ փորձառու ակտիվիստներին մոբիլիզացնելու համար:
Նրա շտաբն օգտագործում էր ալգորիթմներ՝ մշակված քաղտեխնոլոգիական ընկերության կողմից, որի հետ նրանք աշխատել էին: Նույն այդ ընկերությունն, ի դեպ, կամավոր հիմունքներով մասնակցել է 2008թ.-ի Օբամայի քարոզարշավին:
Մակրոնի կամավորները բաժանում էին թերթիկներ, անցկացրել են 25 հազար հարցազրույցներ ընտրողների հետ ամբողջ երկրում: Հարցազրույցի արդյունքներն անցկացրել են տվյալների բազա, որպեսզի որոշեն քարոզչության առաջնահերթությունները:
«Դա հզոր խումբ էր, որը թույլ տվեց Մակրոնին հասկանալ բնակչության տրամադրությունը երկրում: Բացի դրանից, շնորհիվ այդ մարդկանց կապեր հաստատվեց իր շարժման հետ ընտրություններից դեռ շատ առաջ, իսկ կամավորները ձեռք բերեցին փորձ: Այդ փորձը նրանք օգտագործեցին այս տարի»,- բացատրում է Շուլթեյսը:
Դրական հաղորդագրություն
Մակրոնի քաղաքական կերպարը թվում է հակասություններով լի:
Մի կողմից նա կարծես թե «նորեկ» է քաղաքականությունում, իսկ մյուս կողմից նա նախագահ Օլանդի հովանավորյալն էր եւ մի քանի տարի եղել է նախարար, մի կողմից նա ներդրումային բանկիր է, մյուս կողմից՝ անծանոթ ընդդիմադիր շարժման առաջնորդ, նա իրեն անվանում է կենտրոնամետ, իսկ միեւնույն ժամանակ առաջ է քաշում պետական ոլորտի կրճատման արմատական ծրագիր:
Այդ ամենը երկրորդ փուլի մրցակից Մարին Լը Պենին տվեց բազմաթիվ փաստարկներ, որպեսզի Մակրոնի մեջ բացահայտի համակրանք չունեցող քաղաքական էլիտայի հովանավորյալի, այլ ոչ թե «նորեկի», ինչպիսին նա ինքն իրեն համարում է:
Սակայն ընդդիմախոսներին այդպես էլ չհաջողվեց Մակրոնի վրա կպցնել նոր Օլանդի պիտակը: Նա կարողացավ պահպանել իմիջը:
«Ֆրանսիայում գերակշռում է հոռետեսական տրամադրությունը, նույնիսկ շատ հոռետեսական, նա եկավ շատ լավատես եւ դրական ուղերձով»,- ասում է Մարկ-Օլիվիե Պադիսը: «Նա երիտասարդ է, էներգիայով լի եւ բացատրում է ոչ թե այն, թե ինչ կանի ինքը Ֆրանսիայի համար, այլ թե ինչպիսի հնարավորություններ կստեղծվեն մարդկանց համար: Նա միակն է, ով ուներ նման ուղերձ»:
Նա Մարին Լը Պենը չէ
Մակրոնի լավատեսության ֆոնին Մարին Լը Պենի ուղերձն ընկալվում էր որպես բացասական՝ ընդդեմ միգրացիայի, ընդդեմ ԵՄ-ի, ընդդեմ համակարգի:
Մակրոնին աջակցելու համար կազմակերպված ցույցերը տեղի էին ունենում վառ լուսավորված դահլիճներում՝ երաժշտության ուղեկցությամբ: Սակայն Լը Պենի քարոզչության ժամանակ, թեեւ բազմամարդ էին, հավաքվում էին միայն բողոքող քաղաքացիները՝ շշերով եւ հրավառվող նյութերով: Ոստիկանությունն ուժեղացնում էր հսկողությունը, մութ հարթակներ, ագրեսիվ մթնոլորտ:
Մայիսի 3-ի հեռուստատեսային բանավեճը բավականին ագրեսիվ էր: Երկու թեկնածուներն էլ միմյանց վիրավորեցին: Մակրոնը նրան մեղադրեց վախի մթնոլորտ սերմանելու մեջ, որ նա քաղաքական շառլատան է եւ շատ է առաջ անցել իր ծայրահեղական հորից: Մարին Լը Պենը նրան անվանեց սոցիալիստների խամաճիկ, վտանգավոր գործիք գլոբալ ֆինանսական շրջանակների համար եւ Անգելա Մերկելի կամակատար:
Շատերը տեսան եւ մտածեցին, որ երկիրը կարող է արթնանալ նոր ծայրահեղ աջակողմյան նախագահի հետ, ով առաջացնում է ապակայունություն եւ չի ղեկավարի բոլոր ֆրանսիացիների շահերին համապատասխան: Եվ միակ մարդը, ով կարող է կանգնեցնել նրան, դա Էմանուել Մակրոնն է:
Մարին Լը Պենը բավականին արդյունավետ է անցկացրել քարոզարշավը, սակայն նրա վարկանիշը դանդաղ, բայց կայուն նվազեց: Դեռ անցած տարի նրա վարկանիշը հասել էր 30 տոկոսի, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում նա արդեն երկու անգամ զիջում էր Մակրոնին:
Աղբյուր՝ BBC
Թարգմ՝. Էդիտա Աթոյան