Նորություններ

Հայաստանը տարեկան անվերադարձ լքում է 30.000 ՀՀ քաղաքացի

Հայաստանից տարեկան արտագաղթում է շուրջ 30.000 քաղաքացի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Եգանյանը ներկայացրել է ՀՀ-ում արտագաղթի փուլերը՝ դրանք բաժանելով երեք մասի.

«92-94 թվականները մենք անվանում ենք զանգվածային արտագաղթի տարիներ: Այդ երեք տարիների ընթացքում բնակչության «կորուստը» կամ արտագաղթի պատճառով նվազումը կազմեց շուրջ 600 հազար:

1995-2001թթ. երկրորդ փուլն էր, որը համեմատաբար կայունացման փուլ էր, բայց էլի բարձր մակարդակի վրա մնաց արտագաղթը: Մենք այդ յոթ տարիների ընթացքում ունեցանք շուրջ 250 հազարի հասնող բնակչության «կորուստ»»,- հայտարարեց Եգանյանը:

Ըստ նրա՝ երրորդ փուլը սկսվում է 2002թ.-ից եւ բաժանվում երկու առանձին մասերի. 2002-2006թթ. եւ ապա 2007-2012թթ.:

2002-2006թթ.-ի ընթացքում տարեկան արտագաղթը ՀՀ-ից կազմել է 26-27 հազար մարդ, իսկ 2007-2012թթ. արտագաղթի տեմպերն ավելի աճել են՝ տարեկան 30 հազարի չափով ՀՀ քաղաքացի է լքում երկիրը: Ըստ Եգանյանի՝ 2012թ.-ից հետո այդ տեմպերը պահպանվում են:

Լրագրողների այն հարցին, թե ռուսական օրենսդրության վերջին փոփոխությունները, համաձայն որի ռուսերենի իմացության քննությամբ շնորհում են քաղաքացիություն, արդյոք նպաստում են ՀՀ-ում արտագաղթի տեմպերի աճին, Եգանյանը պատասխանեց.

«Դա նպատակաուղղված է Ռուսաստանի բնակչության դեմոգրաֆիկ վիճակը բարելավելու համար: Որպեսզի տեսնենք, թե դա ոնց կազդի Հայաստանի վրա, պետք է որոշակի ժամկետից հետո ուսումնասիրություն կատարել՝ պարզելու համար, թե իրոք այդ փոփոխություններով, գործոնով է պայմանավորված, թե այլ գործոններով: Այս մասին կարող ենք մենք խոսել միայն հետազոտություններ կատարելուց հետո»:

Քրիստինա Մկրտչյան

Back to top button