Տաղանդավոր արձակագիր-երգիծաբանը սերունդներին հանձնեց Ծիտրո Ալեքի, Պոլոզ Մուկուչի, Ջղեր Խաչիկի ու էլի շատ շատերի սրամտությունները

Արձակագիր, երգիծաբան եւ լրագրող Հենրիկ Գեւորգյանը ապրիլի 1-ին կդառնար 76 տարեկան: Գուցե ամենեւին պատահական չէ, որ հումորի օրը լույս աշխարհ եկավ մարդն, ով մեծածավալ աշխատանք կատարեց, որպեսզի կորստյան չմատնվեին Գյումրիի նշանավոր մարդկանց եւ ժողովրդի հայտնի եւ անհայտ սրամտությունները, դրանք փոխանցվեին սերունդներին. Ծիտրո Ալեքի, Պոլոզ Մուկուչի, Ջղեր Խաչիկի, Օնիկի եւ էլի շատ շատերի նուրբ հումորը:
Հենրիկ Գեւորգյանն իր լրագրողական գործունեությունը սկսել է 1969 թվականից: Սկզբում սրբագրիչ, թողարկիչ, ապա թղթակից է աշխատել «Տեքստիլագործ», «Բանվոր», «Շիրակ» թերթերում, հետո նաեւ «Գարուն» թերթի խմբագիր, 1986-ից՝ «Կումայրի» թերթի խմբագիր:
Այդ տարիներին քաղաքային թերթը, շնորհիվ Հենրիկ Գեւորգյանի, կարողացավ հաղթահարել լճացման շրջանը, քննադատության սլաքներն ուղղել վարչահրամայական ապարատի ապօրինությունների դեմ:
Լրագրությանը զուգահեռ նա զբաղվել է նաեւ գրական գործունեությամբ, տաղանդավոր արձակագիր-երգիծաբան էր, մի շարք գրքերի հեղինակ, որոնք լայն ընդունելություն են գտել գրական եւ ընթերցող հասարակության շրջանում: Գեւորգյանը Հայաստանի գրողների միության անդամ եւ ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ էր:
Հենրիկ Գեւորգյանի վարպետությունը նաեւ նրանում էր, որ հումորի եւ երգիծանքի միջոցով կարողանում էր ծաղրել կյանքում եւ կենցաղում արմատացած կաշառակերությունը:
«Սրամիտների քաղաքը», «Մամոնայի գերիները», «Քողարկված դեմքեր», «Արեւոտ Հովտի առասպել», «Լենինականյան զվարճալի զրույցներ եւ սրամտություններ» եւ այլ ժողովածուների հեղինակ է Հենրիկ Գեւորգյանը: Նա այն անձանցից էր, ով փորձեց կանոնավոր հունի մեջ դնել եւ կորստից փրկել ժողովրդական զվարճալի եւ սրամիտ զրույցներն ու անեկդոտները: Դրանք ոչ միայն լիաթոք ծիծաղ են պարգեւում մարդկանց, այլ նաեւ հարուստ նյութ են տալիս ժամանակաշրջանի մասին:
Ընթերցողներին հայտնի են նաեւ նրա դետեկտիվ վիպակները: Նա կյանքից հեռացավ 60 տարեկան հասակում՝ սերունդներին թողնելով այն աշխատությունները, որոնք ողջ կյանքի ընթացքում հավաքեց եւ թղթին հանձնեց: