Թե երբ կարտադրեն բեռնատարներ ՀՀ-ում, հայտնի չէ, բայց արդեն ծրագրել են արտահանել Իրան

Օրեր առաջ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը հայտարարել էր, որ չեխական TATRA TRUCKS և ZENON LIMITED LIABILITY COMPANY ընկերությունների միջև կնքված հուշագրի համաձայն Կոտայքի մարզում կհիմնադրվի TATRA բեռնատար մեքենաների արտադրության գործարան: Ըստ Հարությունյանի՝ գործարանի կառուցումը վարչապետ Կարեն Կարապետյանի ու ռուսաստանաբնակ հայ գործարարների՝ ՀՀ-ում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքն է:
ԳԱԼԱ-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ տնօրենին՝ ճշտելու համար որոշակի մանրամասներ:
Մասնավորապես ԳԱԼԱ-ին հետաքրքրել են հետևյալ հարցերը.
1.Քանի՞ աշխատատեղ է նախատեսվում ստեղծել այս գործարանի կառուցման արդյունքում:
2.Սոցիալական ի՞նչ խնդիր կլուծի նման գործարանի կառուցումը:
3.Ռուսաստանաբնակ ո՞ր գործարարներն են մասնակից լինելու գործարանի կառուցման աշխատանքներին:
4.Մոտավորապես ի՞նչ կարգի գումարային ներդրման մասին է խոսքը:
5.Որքա՞ն ներդրում է կատարելու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից ԳԱԼԱ-ին ուղարկված պատասխանում ասվում է, որ խոսքը ոչ թե բեռնատար ավտոմեքենաների արտադրման, այլ ներկրման և որպես միջնորդ վաճառքի մասին է առայժմ: Հետագայում բեռնատար ավտոմեքենաների արտադրություն կկազմակերպվի.
«2017 թվականի փետրվարի 27-ին չեխական TATRA TRUCKS, AGT Company և հայկական ZENON LIMITED LIABILITY COMPANY ընկերությունների միջև կնքվել է հուշագիր, ըստ որի՝
Կողմերը պայմանավորվել են առաքել «ՏԱՏՐԱ» ավտոմեքենաներ Հայաստանի Հանրապետություն և հետագայում նաև ՀՀ տարածքում կազմակերպել «ՏԱՏՐԱ» ավտոմեքենաների արտադրություն, որտեղ TATRA TRUCKS s.r.o.-ն հանդիսանում է որպես մատակարար, AGT Company s.r.o.-ն՝ ներկրող, իսկ ZENON LIMITED LIABILITY COMPANY-ն՝ գնորդ կազմակերպություն»:
ՀՀ կառավարության գրավոր պատասխանում ասվում է նաև, որ կնքված հուշագրի պայմանները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն: Չեն մանրամասնում նաև, թե որքան ներդրում է ունենալու վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից տեղեկացնում են նաև, որ գործարանը հետագայում հիմնադրվելու է Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում, և ծրագրի ավարտական փուլում նախատեսվում է 2000 նոր աշխատատեղի ստեղծում:
Սակայն թե երբ է այդ ծրագրի ավարտական փուլը, երբ են սկսելու ներկրել ավտոմեքենաներ, երբ են սկսելու արտադրելը և երբ կունենանք հիշյալ 2000 նոր աշխատատեղերը, դարձյալ չի կոնկրետացվում:
ԳԱԼԱ-ն հարցում էր ուղարկել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ տնօրեն Անդրանիկ Հարությունյանին, ով փաստորեն բեռնատար ավտոմեքենաների արտադրության մասին առաջինը բարձրաձայնեց: Ըստ նրա՝ չեխական Tatra trucks և Zenon Limited Liability Company ընկերությունների միջև կնքված հուշագրի համաձայն Կոտայքի մարզում կհիմնադրվի ТАТРА բեռնատար մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարան: Ծրագրի ներդրողները հանդիսանում են բացառապես այս երկու ընկերությունները:
Ըստ Անդրանիկ Հարությունյանի՝ գործարանի հիմնադրման ուղղությամբ աշխատանքներ տանելու գործընթացը մեկնարկել է դեռևս 2016թ.-ի նոյեմբեր ամսին:
«Ծրագրի նախաձեռնողներից մեկը Չեխիայի Հանրապետությունում ապրող իմ ընկերն է՝ գործարար Արթուր Միրզոյանը: Ծրագիրը երկարաժամկետ է, և ավարտման փուլում նախատեսվում է մինչև 2000 աշխատատեղի ստեղծում:
Բանակցությունների արդյունքում երկու կողմերի միջև կնքվել է հուշագիր, հայկական պատվիրակությունն արդեն այցելել է Չեխիա, իսկ ներկայումս նախապատրաստվում է չեխական պատվիրակության այցը: Ներդրումների վերջնական գնահատումը կլինի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումից հետո»:
Անդրանիկ Հարությունյանի պատասխանում ևս չի կոնկրետացվում՝ վարչապետ Կ. Կարապետյանն ինչ կարգի մասնակցություն է ունենալու այս ծրագրում, ինչպես նաև չի կոնկրետացվում, թե ինչ կարգի գումարային ներդրում է կատարվել կամ կատարվում և կոնկրետ որ կազմակերպության կողմից:
Դարձյալ չկա կոնկրետացում, թե քանի տարի կպահանջվի, որ սկսեն ՀՀ-ում բեռնատար ավտոմեքենաներ արտադրել և քանի տարի հետո կստեղծվեն այդ 2000 նոր աշխատատեղերը: Փոխարենը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ ակտիվ աշխատանք է տարվում գործարանի արտադրանքի համար իրացման շուկա ապահովելու նպատակով:
«Ես արդեն իսկ հանդիպել եմ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ: Պետք է ասեմ, որ ոգևորված եմ իրանական կողմի պատրաստակամությամբ: Ինչ վերաբերում է գործարանի կառուցման սոցիալական նշանակությանը, նշեմ, որ այն տարածաշրջանի համար աշխատատեղերի հետ պայմանավորված կունենա բավականին դրական ազդեցություն»:
Քրիստինա Մկրտչյան