Նորություններ

Մայրաքաղաքի բնակիչները՝ ընտրությունների ու առաջարկվող ընտրակաշառքի մասին

Ի տարբերություն Գյումրու, որտեղ նախընտրական քարոզչությունն անցնում է հանգիստ մթնոլորտում, և պատգամավորության թեկնածուներից ընդամենը մի քանիսն են ակտիվ հանդիպումներ ունենում ընտրողների հետ, մայրաքաղաքում այս առումով այլ իրավիճակ է, ու կարելի է ասել՝ հավասարաչափ ակտիվություն ցուցաբերում են ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Մեզ հետ զրույցում մայրաքաղաքի բնակիչները նշեցին՝ ծանոթ են գրեթե բոլոր ուժերի նախընտրական ծրագրերին, սակայն թերահավատ են, որ դրանք երբևէ կյանքի կկոչվեն: Իսկ պատճառն այն է, որ երկիրն այս վատ վիճակից հանելու խոստումներ առաջին անգամ չէ, որ լսում են: Թեպետ շատերն այն համոզմանն են, որ Հայաստանում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, սակայն միաժամանակ վստահ են՝ դրա համար նախ պետք է անցկացվեն արդար ու թափանցիկ ընտրություններ, ինչը հայաստանյան պրակտիկայում գրեթե անհնար են համարում:

Սերժ Սարգսյանի կողմից տրված՝ երկրում անբիծ ընտրություններ անցկացնելու խոստմանը չհավատացող քաղաքացիների մի մասը որոշել է ընդհանրապես չմասնակցել առաջիկա համապետական ընտրություններին, մյուսներն էլ մասնակցության դեպքում իրենց ձայնը որևէ դեպքում չեն վստահի իշխող քաղաքական ուժին՝ Հանրապետական կուսակցությանը, քանի որ, ինչպես նշում են, այդ քաղաքական ուժի ու նրա առաջնորդի պաշտոնավարման տարիների ընթացքում գրեթե բոլոր ոլորտներում աղետալի ցուցանիշներ են գրանցվել, երկիրը հետընթաց է ապրում:

Ընտրակաշառքի մասին մայրաքաղաքի բնակիչներն էլ են բարձրաձայնում՝ արձանագրելով, որ այս անգամ ընտրակաշառքի համար ցուցակագրումներ կատարվել են ամիսներ առաջ, ինչն էլ նրանց համոզմամբ պայմանավորված է ռեյտինգային համակարգի ներդրմամբ: Ընտրակաշառք առաջարկողները հիմնականում Հանրապետականի ռեյտինգային թեկնածուների գրասենյակի ներկայացուցիչներն են: «Ուզում եմ ասել՝ Հանրապետական, եթե դու նորից ընտրակաշառքներով ուզում ես կաշառել ժողովրդին ու հիմա էլ մի փոքր ավելին ես տալիս, բա ինչո՞ւ մինչև հիմա մի բան այնպես չարեցիր, որ հույս արթնանար, ու մենք ձեզ ընտրեինք: Ինձ էլ են առաջարկել անշուշտ Հանրապետականից, ոչ մի կուսակցություն դեռ չի առաջարկել, բայց Հանրապետականն առաջարկել է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց մայրաքաղաքի բնակիչներից մեկը:

«Ամբողջովին խոսվում է ընտրակաշառքի մասին, բնականաբար ինքնըստինքյան ընտրակաշառքը լինելու է, 5 տարի թողել են էս պատգամավորներն աշխատել են, ինչպես կամեցել, այնպես աշխատել են, հիմա էսօր ասում են՝ պետք է ձեր վերցրածը բերեք դնեք, որպեսզի նորից ընտրվեք ու իշխանությունը պահենք մեր ձեռքը»,- նշեց Երևանի մեկ այլ բնակիչ:

Հերմինե Մկրտչյան

Back to top button